Մի քանի ամիս է՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում գործում է քարե բլոկների արտադրություն: Արտադրության հիմնադիրը 21-ամյա Դավիթ Պապյանն է: Արտադրամասը Դավիթի տան բակում է՝ հակառակորդից ուղիղ գծով ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ընտանեկան բիզնես սկսելու համար անհրաժեշտ աջակցությունն ու խորհրդատվությունը Դավիթը ստացել է «Սահման» ՀԿ-ի անդամներից: Սկսնակ բիզնեսի համար հիմնադիրն իր միջոցներից 200 հազ. դրամ է ներդրել, ասում է՝ սարքի ձեռքբերման հարցում եւս «Սահման» ՀԿ-ն է աջակցել:Արտադրության հումք հանդիսացող խճաքարը (շիբին) բերվում է Աբովյանից, բետոնը՝ Երեւանից: Սպառման հիմնական շուկան դեռեւս Բերքաբերն ու հարակից գյուղերն են:«Տարածքում 5-6 գյուղ կարող է օգտվել մեր արտադրանքից: Այս հատվածում նման արտադրություն չկա, մարդիկ Իջեւանից են անհրաժեշտ քարը գնում: Կարծում եմ` հաշվի առնելով պահանջարկը՝ պետք է որոշակի հաջողություն ունենանք»,-Banks.am-ի հետ զրույցում պատմել է Դավիթ Պապյանը:Եկամտաբերության մասին խոսելը մեր զրուցակիցը դեռ վաղ է համարում: Մեկ քարի արժեքը սահմանել են 230 դրամ: Եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով ներկայում օրական արտադրվում է 50-100 քար:Արտադրամասի աշխատողները դեռ երկուսն են՝ Դավիթն ու եղբայրը, սակայն լավատես են, որ հետագայում արտադրությունը կընդլայնվի, եւ աշխատակիցների թիվը կավելանա:«Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանն էլ նշել է, որ այս արտադրությունն աջակցությունը ստացել է Եվրոպական միության «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում: «ԵՄ ֆինասավորմամբ ծրագիրը հնարավորություն է ստեղծել վերջին երկու տարում Հայաստան վերադարձած արտագնա աշխատողներին ստանալու դրամաշնորհներ՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար: «Սահման» ՀԿ-ն, որը մի քանի տարի է ակտիվ աշխատում է Բերքաբերի բնակչության հետ` օգնելով սահմանին ապրող մարդկանց գտնել եկամուտի աղբյուրներ, այս պարագայում կապող օղակ է գյուղացիների եւ ԵՄ ծրագրի միջեւ: Արդյունքում Դավիթ Պապյանը եւ եւս վեց բերքաբերցիներ անցել են ծրագրի չափանիշներով եւ հիմնել սեփական փոքր բիզնեսներն արդեն հայրենի գյուղում»,-ասել է Ջորջ Տաբակյանը:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 7315