Վերջին տարիներին գնալով ավելի համոզիչ է թվում պնդումը, որ համացանցի լայն հասանելիությունը սպանեց ձայնասկավառակների ինդուստրիան: Այսօր ամենատարբեր որակի երաժշտություն կարելի է լսել YouTube-ում, ինչպես նաեւ ներբեռնել բազմաթիվ լիցենզավորված եւ չլիցենզավորված հարթակներից: Banks.am-ը փորձել է պարզել, թե ինչ սպառում ունեն այսօր ձայնասկավառակները Հայաստանում եւ երաժշտություն լսելու ինչ այլընտրանքներ գոյություն ունեն: Սկավառակների վաճառքը Հայաստանում Հայաստանում 2000-ականներին սնկի պես աճող ձայնասկավառակների խանութներն արդեն մի քանի տարի շարունակ նույն արագությամբ փակվում են. պահանջարկ չկա, համացանցն իրենն ասում է: Ցածր պահանջարկը ազդում է նաեւ որակի վրա: Banks.am-ի հարցին, թե սկավառակները լիցենզավորված են, թե՝ ոչ, Disc World խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը պատասխանում է, որ ժամանակին երաժշտական լիցենզավորված սկավառակներ ներկրում էին Մոսկվայից, սակայն այսօր նախկին պահանջարկը չկա, ուստի ներմուծումը դադարեցվել է: Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջվա համեմատությամբ սկավառակների վաճառքը «մի քանի անգամ նվազել է», արդյունքում այսօր երաժշտական սկավառակներ գնում են հիմնականում կոլեկցիոներները:«Մոսկվա» կինոթատրոնում գործող «Վիդեո սրահ»-ում էլ նշում են, որ սկավառակների վաճառքը հիմնականում գրանցվում է տուրիստական շրջանում: «Առեւտուրը կախված է դրսի տուրիստի հետ, որովհետեւ տեղացիներն այդքան էլ չեն գնում հայկականը, դա հիմնականում գնում է տուրիստը, որ տանի արտերկիր»,- ասում են «Վիդեո սրահ»-ի պատասխանատուները: Ընդ որում, հիմնականում վաճառվում են հեղինակային սկավառակները եւ հայկական ֆիլմերը, սակայն երբ դրանք հայտնվում են YouTube-ում, վաճառքը կանգ է առնում: Թվային երաժշտությունն ընդդեմ CD-ների2003թ. ապրիլի 28-ին Սթիվ Ջոբսի նախաձեռնությամբ Apple-ը սկսեց վաճառել թվային երաժշտություն, մեկ սինգլը՝ 99 ցենտով: Սա հեղափոխեց երաժշտական ինդուստրիան եւ անդառնալիորեն փոխեց այն: Ֆոնոգրաֆիկ ինդուստրիայի միջազգային ֆեդերացիայի (IFPI) հրապարակած տարեկան զեկույցի համաձայն` 2014թ. թվային (ներբեռնվող եւ հեռարձակվող) եւ ֆիզիկական ֆորմատի (սկավառակներ, այդ թվում՝ վինիլային) երաժշտության շահույթներն առաջին անգամ հավասարվել են (46%): Ուշագրավ է, որ ֆիզիկական ֆորմատի վաճառքը դոմինանտ է այնպիսի առանցքային շուկաներում, ինչպիսիք են Ֆրանսիան (57%), Գերմանիան (70%) եւ Ճապոնիան (78%): Այնուամենայնիվ, ե՛ւ ներբեռնվող, ե՛ւ ֆիզիկական ֆորմատի երաժշտությունից ստացվող եկամուտն ամբողջ աշխարհում անկում է գրանցել՝ համապատասխանաբար 8 եւ 8.1%-ով: Ինչո՞ւ գնել, եթե կարելի է անվճար ներբեռնել«Հիմա բացարձակ CD գնելու իմաստ չկա: Դաունլոդի հազար ձեւեր կան... Շատ թանկ է նախ, սկսենք դրանից. ինչո՞ւ փողով գնել, եթե անվճար կա բոլոր կայքերում՝ ինչքան ուզես, ինչ որակի ուզես, վիդեոն էլ հետը»,- ասում է երաժշտասեր Հարութ Մարտիրոսյանը, որը վերջին տարիներին հրաժարվել է ֆիզիկական երաժշտություն գնելուց եւ օգտվում է հիմնականում Spotify ծառայությունից: 2015թ. Ipsos հետազոտական ընկերության կողմից 15 երաժշտական առաջատար շուկաներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ համացանցից օգտվողների 69%-ը վերջին 6 ամսում օգտվել է լիցենզավորված թվային երաժշտության ծառայություններից: Այնուամենայնիվ, ըստ IFPI-ի գնահատականների, համացանցի օգտատերերի 20%-ը (2013թ.՝ 26%-ը) շարունակում է պարբերաբար օգտվել չլիցենզավորված ծառայություններից:Անդրադառնալով վիրտուալ խանութներից ներբեռնվող երաժշտությանը՝ Հարութ Մարտիրոսյանը նշում է, որ այսօրվա պայմաններում դրա անհրաժեշտությունն էլ է գնալով նվազում:«Apple Music-ից «Բամբիռի» CD եմ գնել մի քանի տարի առաջ, բայց այս դեպքում ավելի շուտ աջակցության հարց էր. իրենք արժանի են, ես ուզում եմ, որ իրենք հայտնի լինեն»,- ասում է նա: Հեղափոխություն հեղափոխության ներսում Թեեւ Հայաստանում երաժշտություն հեռարձակող ռեսուրսները (Apple Music, Spotify, Pandora) լայնորեն հասանելի չեն, երաժշտասերները, սակայն, գտնում են արգելքը շրջանցելու միջոցներ՝ օգտահաշիվ բացելով ԱՄՆ-ում: Հարկ է նշել, որ ամենատարբեր զեկույցների համաձայն՝ նման հարթակների պահանջարկը գնալով մեծանում է: 2014թ. տվյալներով` հեռարձակվող երաժշտական ծառայություններից ամբողջ աշխարհում օգտվում է 41 մլն մարդ (2013թ.՝ 28 մլն մարդ):Երաժշտություն հեռարձակող համաշխարհային ծառայությունների բացը արդեն 5 տարի Հայաստանում լրացվում է տեղական ծառայությամբ. հայկական imusic.am-ն իր բազայում ունի 4.5-5 մլն անուն երգ եւ ապահովում է երաժշտություն 320 կբթ/վրկ հաճախականությամբ: Համեմատության համար նշենք, որ Spotify-ն իր անվճար կոնտենտի համար ապահովում է մինչեւ 160 կբթ/վրկ հաճախականություն, իսկ պրեմիում բաժանորդների համար՝ 320:«Մոտավորապես 20 հազ. գրանցված օգտատեր ունենք, որոնցից 15 հազ-ը՝ մոտ 70-80%-ը, շաբաթվա կտրվածքով բավականին ակտիվ է լինում, դրան գումարած նոր այցելուները»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է imusic.am-ի հիմնադիր Լեւոն Նաղաշյանը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ հարթակը ժանրային սահմանափակումներ ունի եւ նպատակ չունի բավարարել ամենալայն շրջանակների երաժշտական նախասիրությունները: Կայքում գրանցումը առայժմ անվճար հիմունքներով է: Նախատեսվում է, որ առաջիկայում այն կունենա նաեւ մոբայլ հավելված, որը կաշխատի օֆլայն ռեժիմով:Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 6493