ՌԴ հայերն օգնում են արցախցիներին ստեղծել սեփական բիզնեսը

16.09.2015 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Շուրջ 4 տարի է՝ ինչ մի խումբ ռուսաստանաբնակ հայերի ջանքերով Արցախում կյանքի են կոչվում բիզնես նախաձեռնություններ, որոնք խրախուսում են երիտասարդ արցախցիներին՝ հիմնելու եւ զարգացնելու սեփական բիզնեսը հայրենիքում:

Ացախում բիզնես նախագծերի իրականացումը համակարգող Գեղամ Ստեփանյանը Banks.am-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվեց 2011թ., երբ Արցախում Ազատամարտիկների միությունն անցկացնում էր ամառային երիտասարդական ճամբար, որին մասնակցում էին նաեւ Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդներ:

«Ճամբարին ռուսահայերի մասնակցության մասով նախաձեռնողներից էր արմատներով արցախցի, ՌԴ Պիտիգորսկ քաղաքում բնակվող Հրանտ Սարկիսովը, որի ջանքերով ամեն տարի մայիսի 9-ին մի խումբ ռուսատանաբնակ հայեր մի քանի տարի շարունակ կազմակերպում էին դրամահավաք՝ օգնելու պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքներին: Նրա ընկերոջ, ճամբարի մասնակից երիտասարդներից մեկի ծնողներից մեկի` Պիտիգորսկում բնակվող ձեռներեց Սերգեյ Հարությունյանի մոտ գաղափար է ծագում օգնել արցախցի այն երիտասարդներին, որոնք կներկայացնեն արդիական բիզնես նախագծեր: Մենք փորձեցինք տարածել այդ առաջարկությունը մի շարք երիտասարդ արցախցիների շրջանում եւ ստանալ ձեռներեցություն ծավալելու մտահաղացումները»,- պատմում է Գեղամ Ստեփանյանը, որը հետագայում դառնում է բիզնես գաղափարը ֆինանսավորողի եւ դրա շահառուի կապող օղակը:  



Արցախի տնտեսությունը մեծամասամբ հիմնված է գյուղատնտեսության վրա, ուստի հավաքագրված բիզնես գաղափարները կրում էին գյուղատնտեսական բնույթ:

2011թ. Սերգեյ Հարությունյանը ֆինանսավորում է առաջին ծրագիրը՝ օգնելով արցախցի երիտասարդ, Ավդուր գյուղի բնակիչ Արթուր Գասպարյանին՝ մեծացնելու իր խոշոր եղջերավոր անասունների ֆերման: Սերգեյ Հարությունյանի տրամադրած $15 հազ-ով արցախցի Արթուրը գնում է քսան գլուխ կով: Երեք տարի անց նա, ամեն տարի վերադարձնելով գումարի մեկ երրորդը, կարողանում է անասունների գլխաքանակը հասցնել 50-ի: Արցախի գյուղատնտնեսական նորմաների համաձայն, սա համարվում է միջինից մեծ անասնապահական տնտեսություն:  

Սերգեյ Հարությունյանն Արցախին օգնել է դեռեւս Արցախյան շարժման տարիներին:  
Անկախությունից հետո նա ընդգրկված է եղել եւ անձամբ նախաձեռնել է մի շարք ծրագրեր՝ դրանցում ներգրավվելով նաեւ Պիտիգորսկի հայ համայնքին: Նկատելով, որ առանձին նախաձեռնությունները մեծ արդյունքներ չեն կարող տալ, նա որոշում է սկսել երիտասարդ արցախցիների բիզնես գաղափարները կյանքի կոչելու ծրագիրը՝ օգնելով Արցախի գյուղատնտեսության զարգացմանը: Արցախին օգնելուց բացի, այս ծրագիրը հետապնդում էր եւս մեկ նպատակ: Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ տարիների ընթացքում Պիտիգորսկում հայ համայնքի շարքերում նկատվում էր հայկական ինքնությունը կորցնելու վտանգը: Ծրագիրը կարող էր ինչ-որ կերպ վերստեղծել կապը ռուսաստանաբնակ հայերի եւ հայրենիքի միջեւ:

«Ընդհանրապես, հայերն ամենուր՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում, լինում են երկու տեսակի: Առաջին մասը միայն սիրում է խոսել է եւ ոչինչ չի ձեռնարկում, մյուս մասը՝ ոչինչ չի խոսում, այլ գործում է եւ չի վախենում հիասթափություններից՝ ոչինչ չակնկալելով դրա դիմաց»,- Banks.am-ին պատմում է Սերգեյ Հարությունյանը:

Հենց այս գաղափարով առաջնորդվելով՝ Սերգեյ Հարությունյանն առաջին նախագծի հաջող մեկնարկից եւ իրականացումից հետո հետ վերադարձրած գումարը ներդնում է մյուս ծրագրերի մեջ:   

Մինչեւ օրս Արցախում գործարկվել է համանման ութ տարբեր նախագիծ, որոնցից հինգը ֆինանսավորել է Սերգեյ Հարությունյանը: Ութ նախագծերից չորսի շահառուներն արդեն ունեն խոշոր եղջերավոր անասունների ֆերմա, երկուսը՝ մեղվաբուծական ձեռնարկություն, մեկը՝ ոչխարաբուծական, մեկը՝ թռչնաբուծական տնտեսություն, մեկն էլ հիմնել է կահույքի արտադրամաս Շուշիում:



«Փառք Աստծո, մինչեւ այժմ չի եղել դեպք, որ մեկնարկած ծրագիրը ձախողվի, կամ որեւէ մեկը սնանկ ճանաչվի: Երեւի թե դա պայմանավորված է նրանով, որ մենք չենք ընտրում ծրագրի շահառուներին պատահական սկզբունքով կամ ծանոթ-բարեկամ սկզբունքով: Հաջողության գրավականը դրանում է: Մենք, կարծես, պատասխանատվություն ենք կրում այդ ծրագրերի հաջողության համար»,- պատմում է Գեղամ Ստեփանյանը:    

Ծրագրի էությունը հետեւյալն է. բարերարը ներդնում է որոշակի գումար բիզնես-պլանի իրականացման մեջ: Այդ գումարը, սակայն, ենթակա է վերադարձման երեք տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարում գումարի 1/3-ի մասով, առանց տոկոսադրույքների:

«Հայտնի է, որ բանկային համակարգում կիրառվում են բարձր տոկոսադրույքներ, իսկ գյուղատնտեսական ոլորտը համարվում է ռիսկային ասպարեզ, եւ շատ բանկեր խուսափում են գյուղացիներին վարկեր տրամադրելուց: Մեր ծրագրի դեպքում, մանրակրկիտ ձեւով ընտրում ենք բիզնես պլանը, ներկայացնում այն ֆինանսավորումը տրամադրող բարերարին, գալիս համաձայնության, տրամադրում գումարն առանց գրավի եւ տոկոսադրույքների: Ամեն ինչ հիմնվում է փոխադարձ վստահության վրա»,- ասում է Գեղամ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ապագա ձեռներեցին ընտրելիս հաշվի է առնվում, թե ինչ հեռանկարներ ունի նա Արցախում, ցանկանում է արդյոք մնալ հայրենի հողում, թե ոչ:  

Միջնորդի դեր ստանձնած Գեղամ Ստեփանյանը պատմում է նաեւ, որ ծրագրում մինչեւ այժմ ներգրավված բոլոր բարերարները բավականին մեծ փորձ ունեցող ձեռներեցներ եւ ներդրողներ են եւ քաջ գիտակցում են այս ծրագրերի ռիսկային լինելը:

«Պարզապես մարդիկ հավատում են գաղափարին եւ վստահում մեզ: Նրանցից բոլորը հաճախ գալիս են Արցախ, այցելում իրենց ֆինանսական աջակցությամբ բիզնես հիմնած երիտասարդներին եւ անձամբ համոզվում, թե ինչպես է բաշխվել իրենց տրամադրած գումարը: Մենք համոզվում ենք, որ մարդկանց զբաղվածությամբ ապահովելը լուծում է արտագաղթի խնդիրը: Մարդիկ, ունենալով իրենց հաջող տնային տնտեսությունը, չեն մեկնի արտագնա աշխատանքի»,- նշում է Գեղամ Ստեփանյանը:

Ներկայում բիզնես գաղափարի ֆինանսավորողներն ու դրա իրականացմանն օգնող մարդիկ ցանկանում են որոշակի կարգավիճակ, ձեւաչափ տալ այս նախաձեռնություններին: Մտադրություն կա նաեւ հիմնել երիտասարդ գործարարների միություն:

Մեր հանդիպման ժամանակ Գեղամ Ստեփանյանը եւ Պիտիգորսկում ծրագրի իրազեկմամբ զբաղվող, հաջորդ բիզնես պլանը ֆինանսավորել պատրաստվող Վիտալի Եսայանը քննարկում էին, թե ինչպես կարելի է համակարգված աշխատանք տանել եւ նոր ֆինանսավորողներ ներգրավվել այս ծրագրերում:  

Այս ուղղությամբ Վիտալի Եսայանը տանում է լուրջ եւ հետեւողական աշխատանք՝ փորձելով Ռուսաստանում բնակվող իր ընկերների եւ ծանոթների շրջանում տարածել Արցախին եւ ՀՀ-ին այս նախաձեռնություններով օգնելու գաղափարը: Վիտալի Եսայանը, Պիտիգորսկի, Կիսլովոդսկի, Ստավոպոլի հայրենակիցների աջակցությամբ պատրաստվում է ֆինանսավորել 9-րդ ծրագիրը: Կան գաղափարներ նաեւ 10-րդ բիզնես նախաձեռնության համար:

Նրա խոսքով՝ ծրագիրը հույս եւ վստահություն է ներշնչում: Առ այսօր բարերարներից որեւէ մեկը ոչ միայն հետ չի վերցրել գումարը, այլեւ ներդրել է այն մյուս ծրագրում:



Գումարի վերադարձի սահմանված ձեւաչափն արդեն ձեւավորել է մի ընդհանուր բյուջե՝ մյուս ծրագրերի հաջորդականությունն ապահովելու համար: Առաջին ծրագրի գումարի վերադարձից գոյացել են երկրորդ, երրորդ ծրագրերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ միջոցները:

Վիտալին վստահ է, որ այս ծրագիրը մեծ ներուժ ունի եւ կարող է օգնել մեծ թվով արցախցի երիտասարդներին:

«Ծրագրի առաքելությունն այն է, որ մարդկանց տրամադրենք ոչ թե ձուկը, այլ այն որսալու կարթը»,- հավելում է Գեղամ Ստեփանյանը:  

Մոսկվայում բնակվող Ավետիսովների ընտանիքը, որը Հայաստան էր ժամանել որդու հարսանիքն այստեղ կազմակերպելու համար, եւս իր ընկերների միջոցով է տեղեկացել այս նախաձեռնությունների մասին: Ընտանիքի հայրը՝ Արթուր Ավետիսովը, ցանկանում է այս ծրագրով իր պարտքը կատարել հայրենի Արցախի հանդեպ:

«Այն ամենը, ինչ վերաբերում է Արցախին եւ ՀՀ-ին, մեզ էլ է մտահոգում: Հետեւում ենք բոլոր իրադարձություններին եւ շատ ենք ցանկանում օգնել, գլոբալ փոփոխություններ բերել, բայց փորձում ենք օգտակար լինել մեր հնարավորությունների չափով: Իհարկե, շատ եմ ցանկանում, որ յուրաքանչյուր մեկնարկող ծրագիր հաջողություն ունենա, որպեսզի կարողանա խրախուսի մյուսներին»,- պատմում է Արթուր Ավետիսովը:

Ավետիսովների ընտանիքն արդեն այցելել է Արցախ՝ տեսնելու արդեն իրականացված նախագծերը եւ նոր հնարավորությունները: Արթուր Ավետիսովը նշում է, որ հայը կարող է ՀՀ ու ԼՂՀ գա ոչ միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ կարող է նաեւ իր մասնակցությունը բերել երկրի զարգացման եւ բարգավաճման գործում:

Նրա խոսքվ՝ իր կողմից ֆինանսավորվելիք ծրագրի հաջողության դեպքում ինքը փորձելու է իր ընկերներին եւ ծանոթներին միավորել այս գաղափարի շուրջ:

«Վաղուց եկել է ժամանակը, որպեսզի հայը հային օգնելու միտքը վերածվի մշակույթի, ապրելակերպի»,- ասում է Արթուր Ավետիսովը:

Եկատերինա Պողոսյան

Դիտում՝ 1514
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW