Երեւանյան «ծաղկած» շենքը` մեծ բիզնես ծրագիր

10.09.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւանի Մոսկովյան 28 հասցեի շենքի կողքով անտարբեր անցնել չի կարողանում ոչ ոք: Պատճառը շինության մինչեւ 3-րդ հարկ ձգվող ծաղիկներն են: 2500 աման ծաղիկներով շենքը զարդարելու պատվերը «Գրին Լադ» (Green Lad) ընկերությունը ստացել է «Մոն ամի» ծաղկի սրահից:

Երեւանում «Կանաչ պատ» (Green wall) նախագիծն իրականացվում է առաջին անգամ, իսկ թե ինչպես այն հասավ այստեղ, ու էլ ինչ ծրագրեր են մշակվել Green Lad-ի աշխատասենյակում, Banks.am-ին պատմել է ընկերության փոխտնօրեն Տիգրան Ղարաջյանը:

Տիգրան Ղարաջյանը «Կանաչ պատ»-ի գաղափարով երկու տարի առաջ «վարակվել» է ֆրանսիացի մասնագետներից՝  Դուբայում անցկացված Big 5 միջազգային շինարարական ցուցահանդեսի ժամանակ: Առաջին քայլը նրանց հետ կապ հաստատելն էր, սակայն համագործակցությունն այդ ժամանակ չստացվեց նախագծի բարձր արժեքի եւ պոտենցիալ պատվիրատուի բացակայության պատճառով:

Ընկերության փոխտնօրենը, սակայն, զենքերը վայր չդրեց ու փորձեց ինքնուրյուն ուժերով նախագծել համակարգի կաղապարների (ֆորմաներ) էսքիզները, ապա կազմակերպել դրանց արտադրությունը Հայաստանում: 6 ամիս անց աշխատանքը տվեց իր արդյունքը:

«Կարողացա ֆորմաները ստանալ, որի մեջ տնկվում են ծաղիկները: Բույսը համակարգում աճում է հորիզոնական եւ տնկվում խիտ, այդ իսկ պատճառով կաղապարները պետք է լինեն այնպիսին, որ արմատները իրար չխանգարեն, բույսն էլ չփչանա: Շատ կարեւոր եւ բարդ է նաեւ ավտոմատ ոռոգման համակարգի ճիշտ ու անխափան աշխատանքն ապահովելը»,- պատմում է Տիգրան Ղարաջյանը:



Կանաչ պատի հանդեպ առաջին ռեալ հետաքրքրությունը եւ պատվիրելու պատրաստակամությունը եղավ դրանից մեկ տարի անց: «Մոն ամի» ծաղկի եւ դիզայնի սրահը ցանկություն հայտնեց իրականացնել մեծածավալ նախագիծ՝ կանաչապատել շինության արտաքին պատը:

«Արդյունքում տեսնում եք՝ ինչ գեղեցիկ նախագիծ է ստացվել: Մոսկովյան 28 հասցեում տնկված ծաղիկները միամյա են եւ աշնանը կչորանան: Գարնանը նախատեսվում է տնկել նոր ծաղիկներ»,- ասում է Green Lad ընկերության փոխտնօրենը:

Նախագծից ակնկալիքները, ինչպես նշում է նա, մեծ են. «Կարելի է ասել, այն արդեն հաջողված է: Հետաքրքրությունը շատ մեծ է, արձագանքներ ենք ստացել Երեւանի քաղաքապետարանից, վարչական շրջաններից, հույս ունենք, որ իրենք եւս կցանկանան ուղղահայաց կանաչապատում իրականացնել»:

2012թ. որպես շինարարական կազմակերպություն հիմնված Green Lad-ն իրականացնում է նաեւ հակակարկտային ցանցերի, ավտոմատացված ոռոգման համակարգերի ու ջերմոցների մոնտաժում:

Հակակարկտային ցանցերի կիրառումը Հայաստանում եւս նորություն է: Դրանց արդյունավետությունը, ըստ Տիգրան Ղարաջյանի, հասնում է 100%-ի:



«Բարձր որակի պոլիէթիլենային ցանցեր են, որոնք մոնտաժվում են այգու ամբողջ մակերեսով՝ ծառերից բարձր: Այնպիսի բարձրության վրա, որ գյուղատնտեսական տեխնիկան կարողանա աշխատել: Ձմռանը համակարգը ապամոնտաժվում է, իսկ գարնանը՝ կրկին փռվում: Ցանցերը լինում են տարբեր նշանակության եւ կիրառության, ինչպես նաեւ կոմբինացված: Կան այնպիսի ցանցեր, որոնք, բացի հակակարկտային նշանակությունից, չեն թողնում, որ արեւն իր ողջ ուժգնությամբ այրի ծառերը: Արեւի ճառագայթների բեկման եւ ծառի վրա հավասարաչափ բաշխվելու շնորհիվ բերքը գունավորվում է հավասարաչափ»,- ասում է նա:

Գյուղատնտեսական բոլոր նախագծերի համար ընկերությունը հետաքրքիր ու առանձնահատուկ մոտեցում է որդեգրել:

«Եթե ֆիզիկական անձինք կամ ընկերությունները մեր ծառայություններից օգտվելու համար վարկ են վերցնում, Green Lad-ը վարկի տոկոսադրույքի մինչեւ 2%-ը սուբսիդավորում է իր շահույթի հաշվին: Համագործակցում ենք Արմսվիսբանկի եւ Հայէկոնոմբանկի հետ: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Green Lad-ը համագործակցում է տարբեր դրամաշնորհային կազմակերպությունների հետ, որոնք կաթիլային ոռոգման կամ էներգախնայող համակարգերի ձեռք բերման համար վերցրած վարկերի գումարի 10%-ի վերադարձ են իրականացնում»,- եզրափակում է Տիգրան Ղարաջյանը:   

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 41554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW