Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որին 2014թ. բաժին է ընկել ՀՀ արտաքին առեւտրի շրջանառության 23.7%-ը: Ռուսաստանը Հայաստանի առեւտրային 2-րդ խոշոր գործընկերն է՝ Եվրամիությունից հետո: Այս տարվա առաջին 4 ամիսներին ՌԴ-ն ապահովել է արտաքին առեւտրի շրջանառության 17.7%-ը: Սակայն ԵՏՄ-ն կոչված է լինել այն տնտեսական միավորումը, որը թույլ կտա ընդլայնել ազգային տնտեսությունների սահմանները եւ ներգրավել միության անդամ բոլոր երկրներին տնտեսական կապերի ստեղծման ու զարգացման գործընթացում: Ոչ միայն ՌուսաստանԵՏՄ անդամ երկրների տնտեսական ոլորտում համագործակցության առումով հատկանշական է, որ Հայաստանի տնտեսական կապերը Բելառուսի եւ Ղազախստանի հետ դեռեւս չափազանց թույլ են ուրվագծված: Բելառուսին բաժին ընկնող արտաքին առեւտուրը 2014թ. կազմել է ՀՀ արտաքին առեւտրի 0.7%-ը, 2013թ.՝ 0.8%-ը: Իսկ Ղազախստանին բաժին ընկնող արտաքին առեւտուրը 2014թ. եւ 2013թ. կազմել է 0.1%: Երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի հեռանկարների եւ խոչընդոտների մասին Banks.am-ը զրուցել է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:Նրա դիտարկմամբ՝ Բելառուսի հետ առեւտրի ընդարձակման համար հեռանկարային են հետեւյալ ապրանքատեսակները՝ ալկոհոլային խմիչքներ, չորացրած թեյաբույսեր եւ դեղաբույսեր, որոնք կարող են օգտագործվել Բելառուսի դեղորայքի արտադրությունում, շինարարական մեկուսիչ նյութեր եւ շինարարական քարեր, հատկապես տրավերտին, ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում ծառայություններ, էլեկտրատեխնիկական եւ էեկտրոնային սարքեր, հատկապես պաշտպանական նպատակով: Նշված ապրանքները կարող են Հայաստանից արտահանվել Բելառուս: Բելառուսից ներկրվող ապրանքների գծով Գագիկ Մակարյանն առանձնացրել է հետեւյալը՝ գյուղատնտեսական փոքր տեխնիկա, տրակտորների համապատասխան կցորդներ գյուղատնտեսական տարբեր աշխատանքների համար, բելառուսական ավտոբուսներ, կաթի փոշի, մսամթերք, դեղորայք, կրթական ծառայություններ:Ղազախստանի մասով, ըստ տնտեսագետի, մեծ ծավալների արտահանման կամ ներմուծման տեսանկյունից խնդիրը մի փոքր ավելի դժվար է, քանի որ ապրանքների առաքումների հիմնական ուղին օդայինն է, ինչն էականորեն բարձրացնում է գները: Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշի տվյալների համաձայն՝ Ղազախստանը «առեւտուր սահմաններից դուրս» ցուցանիշով 185-րդն է 189 երկրների շարքում: «Այդ առումով Ղազախստանի հետ նպատակահարմար է զարգացնել ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում ծառայությունները, որոնք կախված չեն տեղափոխումից»,- ընդգծել է Գործատուների հանրապետական միության նախագահը:Բիզնեսի իրական շահըBanks.am-ը ԵՏՄ շրջանակում Հայաստանի առեւտրային կապերի հեռանկարների շուրջ զրուցել է գործարար հատվածի ներկայացուցչի հետ: «Բելար Առեւտրի Տուն» հայ-բելառուսական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Մասիս Օսիպյանը տնտեսական առումով դրական եւ ճիշտ քայլ է որակել ԵՏՄ-ի ստեղծումը: «ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանը, ինչպես նաեւ Բելառուսը, միանշանակ լուրջ եւ մեծ շուկաներ են Հայաստանի համար: ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր՝ դրական փոփոխությունները զգալի են: Մեր ընկերությունը ձեռք բերեց մեծ առավելություններ ու արտոնություններ: Այսօր ներկրման գործընթացը դարձել է արագ ու մատչելի՝ առանց փաստաթղթային խնդիրների, առանց մաքսազերծման: Կարգը պարզեցվել է, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակը եւ կրճատել ծախսերը: Ապրանքը Բելառուսից 3 օրում է հասնում նախկին 25-30 օրվա փոխարեն»,- ասել է Մասիս Օսիպյանը:Միեւնույն ժամանակ՝ գործարարը նշում է, որ ԵՏՄ-ի բոլոր հնարավորություններից օգտվելու համար Հայաստանում դեռ ստեղծված չեն պատշաճ պայմաններ: Նրա խոսքով՝ դեռեւս մնում են խոչընդոտներ արտահանման ընդլայման ճանապարհին:«Արտահանողները խնդիրներ ունեն, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ չեն տրվում եւ արտահանումը դառնում է ոչ շահավետ: Այսօր մեր կառավարությունը շատ բան ունի անելու արտահանման խթանման համար»,- ընդգծել է «Բելար Առեւտրի Տուն» ընկերության գլխավոր տնօրենը: Հեռանկարային ծրագրերՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն այս տարվա մայիսին՝ լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացրել է, որ Հայաստանի մարզերում Բելառուսի կողմից կստեղծվեն գյուղատնտեսական տարածքների մշակման մեքենատրակտորային կայաններ: Մինչեւ տարեվերջ ծրագրվում է հասնել կոնկրետ պայմանավորվածությունների: Դեսպանի տեղեկություններով՝ հարցն արդեն քննարկվել է Շիրակի եւ Արմավիրի մարզպետների հետ։Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա ներկայում ՀՀ-ի հետ համագործակցության ծրագրեր են մշակում ղազախական Kaznex Invest ու Светоком ընկերությունները: Ակնկալիքներն ու այսժամյա իրականությունըՉնայած այն հանգամանքին, որ ԵՏՄ-ն Հայաստանի անդամակցությունը տնտեսական խնդիրների լուծման միջոց է համարվում՝ իրավիճակը գնահատող ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներն այլ բանի մասին են վկայում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր՝ 2015թ. առաջին 4 ամիսներին, 2014թ. նույն ժամանահատվածի համեմատ, Հայաստանի արտաքին առեւտուրը կրճատվել է 31,4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտահանման ծավալը, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, կրճատվել է 18.8%-ով, իսկ ներմուծումը՝ 35.7%-ով:Հայաստանի առեւտուրը նախ կրճատվել է հենց ԵՏՄ երկրների հետ: Այս տարի Հայաստանը Ռուսաստան եւ Բելառուս գրեթե ոչինչ չի արտահանել, իսկ դեպի Ղազախստան՝ դադարեցրել է ապրանքների արտահանումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015թ. հունվար-ապրիլին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կրճատվել է 96.3%-ով, ներմուծումը այդ երկրից կրճատվել է 38.3%-ով: Նշված ժամանակահատվածում Հայաստանի արտահանումը Բելառուս կրճատվել է 98,1%-ով, ներմուծումը այդ երկրից՝ 86.9%-ով: Ներմուծումը Ղազախստանից կրճատվել է 62.3%-ով, արտահանում այդ երկիր չի իրականացվել: Վիճակագրական ծառայությունն այդ անկումը բացատրում է նրանով, որ 2015թ. հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների արտաքին առեւտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ եւ նշում, որ դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: Լուսինե Դալլաքյան Tweet Դիտում՝ 5075