Արմեն Եգանյան. Արդյունաբերության անկման «մեղավորը» էներգետիկան է

20.04.2015 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2015թ. հունվար-փետրվարին հանրապետությունում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի  ծավալի 1.8% անկում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը Banks.am-ի հետ զրույցում սակայն նշում է, որ հատվածական դիտարկելու դեպքում հաշվետու ժամանակահատվածում կարող ենք անգամ աճ նկատել:

«Արդյունաբերական վիճակագրությունը վարվում է չորս հիմնական բաղադրիչի հիմքով, որի մաս են կազմում մշակող արդյունաբերությունն ու հանքագործությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ե՛ւ մշակող արդյունաբերությունում, ե՛ւ հանքագործությունում գրանցվել է աճ՝ համապատասխանաբար 2.7%-ով եւ 7.2%-ով»,- ասում է նա` ընդգծելով, որ տարեսկզբին ոլորտում արձանագրված անկումը չպետք է պայմանավորել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցությամբ:

Արմեն Եգանյանի խոսքով` արդյունաբերության ոլորտում հիմնական անկումը պայմանավորված է էներգետիկայի ցուցանիշներով (-16.6%), իսկ արդյունաբերության ամբողջ ծավալում էներգետիկայի տեսակարար կշիռը շուրջ 20% է կազմում: Էներգետիկայի արտադրության ծավալի կրճատումը մեր զրուցակիցը պայմանավորում է տաք ձմռան գործոնով:

Անդրադառնալով արտահանման հետ կապված խնդիրներին՝ Արմեն Եգանյանը նշում է, որ դժվարություններ կան, սակայն դրանք էլ պայմանավորված են ոչ թե ԵՏՄ անդամակցությամբ, այլ ռուսական ռուբլու արժեզրկմամբ ու դրա հետեւանքով ՌԴ շուկայում առաջացած իրավիճակով:

«Իրականում ԵՏՄ շուկան մեր արտահանողների համար ավելի պարզեցվել է: Եթե դիտարկենք այդ պարզեցումների տեսանկյունից,  պետք է հակառակ ազդեցությունը լիներ, սակայն, ինչպես գիտենք, բիզնեսը բավական զգայուն է: Իսկ գործարարը միշտ սպասում է որոշակի իրավիճակի, որից հետո` նոր քայլեր ձեռնարկում: Ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանումը շահավետ չէ, ընկերությունները մի քիչ դանդաղեցրել էին իրենց աշխատանքի տեմպը՝ սպասելով  կայունության: Այն խնդիրները, որ կային տարեսկզբին կապված վարչարարության հետ, հիմա արդեն չկան»,- ասում է նա:

Արմեն Եգանյանի խոսքով` ներկայում, երբ ռուսական ռուբլու արժեւորման գործընթաց է նկատվում, արտահանողների մոտ նոր սպասելիքներ են ձեւավորվում:

«Նշենք նաեւ, որ արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն գունավոր մետաղները, որոնց գների անկումը եւս իր ազդեցությունն է ունեցել արտահանման վրա, որպես արտաքին գործոն` արտահանման աճին վնասել է նաեւ դոլարի եւ եվրո հետ կապված  իրավիճակը»,- նշում է նա:

Արմեն Եգանյանը շուկայի մասնակիցներին խորհուրդ է տալիս իրականացնել արտահանման ուղղությունների եւ տեսականու դիվերսիֆիկացում, ինչը կբերի ռիսկերի նվազեցման:

«Պետությունն էլ կարող է որոշակի մեխանիզմեր գտնել՝ մեղմելու արտահանողների կրած վնասները»,- նշում է Արմեն Եգանյանը:

Նա իրավիճակի կայունացնում է ակնկալում` ընդգծելով, որ հարցը պետք է դիտարկել ավելի երկարաժամկետ կտրվածքով:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 10149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW