Ֆինանսական ռիսկերի կառավարման արդյունավետ բանաձեւը

30.03.2015 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ֆինանսական շուկաների վերջին տասնամյակի զարգացումները ցույց են տալիս ռիսկերի կառավարման առանձնահատուկ դերը ֆինանսական կառույցների եւ ֆինանսական համակարգերի կայունության գործում: Պատահական չէ, որ զարգացած շատ երկրների ֆինանսական շուկաների կարգավորողները տարեցտարի ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռիսկերի կառավարմանը:

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Ռուբեն Գեւորգյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆինանսական համակարգին եւ ֆինանսական ծառայություններ մատուցող առանձին կազմակերպություններին բնորոշ են ինչպես գլոբալ շուկաների համընդհանուր, այնպես էլ ՀՀ ֆինանսական շուկայի հետ կապված առանձնահատուկ ռիսկերը: Դրանք, առաջին հերթին, բնորոշվում են շուկայի փոքրությամբ եւ որոշ սեգմենտների համեմատաբար թերի զարգացվածությամբ:

«Որքան շատ ուշադրություն դարձվի ֆինանսական ռիսկերի պրոֆեսիոնալ կառավարման հարցերին միկրո եւ մակրո մակարդակներում, այնքան ավելի փոքր կլինեն հնարավոր բացասական ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա»,- Banks.am-ին ասել է տնտեսագետը:

Ռիսկերի կառավարման մշակույթը

Ռիսկերի կառավարման մշակույթի եւ կազմակերպություններում միասնական սկզբունքների ներդրման հարցում գլխավոր դերակատարությունը վերապահված է Ռիսկերի կառավարման մասնագետների գլոբալ ասոցիացիային (GARP - Global Association of Risk Professionals): GARP-ը ռիսկերի կառավարման մասնագետների միակ միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունն է, որն էլ սահմանում է խիստ ստանդարտներ ոլորտի մասնագետների համար:

Ինչպես նշում է Ռուբեն Գեւորգյանը, այդ ստանդարտներին համապատասխանությունը ստուգվում է տարեկան երկու անգամ անցկացվող քննությունների միջոցով: Երկու փուլերից կազմված քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները ստանում են Ֆինանսական ռիսկերի կառավարչի (FRM - Financial Risk Manager) կոչում: GARP-ը նաեւ խիստ պահանջներ է սահմանում քննությունների նախապատրաստական դասընթացներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ: Բացի այդ, մի շարք երկրներում գոյություն ունեն FRM քննական կենտրոններ եւս:

Հայաստանում FRM դասընթացներ կազմակերպվում են «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից: Միաժամանակ, մեր երկրում քննական կենտրոն ունենալու համար, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ է որոշակի հետաքրքրություն. «Անցյալ տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվեց FRM քննություն: Սակայն, որպեսզի Հայաստանը հաստատվի որպես հիմնական քննական կենտրոն, անհրաժեշտ է առնվազն 20 մասնակցի գրանցում յուրաքանչյուր քննաշրջանին»:

GARP-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհի շուրջ 90 երկրում կա ավելի քան 21 000 որակավորված FRM մասնագետ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ FRM որակավորում ունեցող մասնագետները երկուսն են, որից մեկը մեր զրուցակիցն է՝ Ռուբեն Գեւորգյանը:

Միջազգային որակավորումների առավելությունը

«Այսօր մեր ֆինանսական համակարգում ներդրված է բավականին բարձր մակարդակի ռիսկերի կառավարման համակարգ: Սակայն ռիսկերի կառավարումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է այս ոլորտում գիտելիքների պարբերական թարմացում: Այս տեսանկյունից FRM-ը կարող է մեծապես նպաստել ոլորտում գիտելիքների խորացմանն ու կատարելագործմանը»,- Banks.am-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

ԿԲ-ն մշտապես կարեւորում եւ աջակցում է իր աշխատակիցների որակավորման բարձրացմանը: «Այսօր մեզ մոտ կան որոշ գործառույթներ, որոնց համար սահմանվել է մի շարք միջազգային որակավորման քննություններ հանձնելու պահանջ՝ ACCA, CFA, FRM, CIA եւ այլն: Մասնավորապես, ֆինանսական համակարգի կարգավորման որոշ գործառույթների համար պահանջվում է FRM որակավորում, քանի որ այն համապարփակ գիտելիքներ է տալիս ֆինանսական տարբեր գործիքների ռիսկերի գնահատման հարցում եւ թույլ է տալիս ճիշտ կարգավորել այն: Այս ցանկում FRM-ը հայտնվել է բավականին վերջերս` հաշվի առնելով Հայաստանում քննություն հանձնելու հնարավորության առկայությունը»,- տեղեկացրել է Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ միջազգային որակավորումների առավելությունն այն  է, որ դրանք, բացի գիտելիքներից, ունեն նաեւ միջազգային ճանաչում եւ վկայում են կոնկրետ գիտելիքների եւ հմտությունների առկայության մասին: Այս տեսանկյունից այն կարեւորվում է օտարերկրյա ներդրողների համար:

«Որակյալ եւ մասնագիտացված կադրերը ցանկացած երկիր դարձնում են ավելի գրավիչ եւ մրցունակ, քանի որ գրեթե բոլոր ներդրումները պահանջում են որակյալ աշխատուժ, ինչն էական գրավական է ներդրումների հաջողության համար: FRM որակավորում ունեցող աշխատուժը ավելի է կարեւորվում ֆինանսական ինստիտուտներում, որտեղ ռիսկերի կառավարումն առանցքային նշանակություն ունի արդյունավետ գործունեության համար»,- նշել է ԿԲ ներկայացուցիչը:

FRM (Ֆինանսական ռիսկերի կառավարիչ) մասնագետների դերը կազմակերպություններում

Ցանկացած իրավիճակում, երբ անհրաժեշտ է կայացնել որոշումներ անորոշությունների պայմաններում, առաջանում են մեծ կորուստների ռիսկեր: Գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ՝ հիմնված մաթեմատիկական եւ վիճակագրական մեթոդների վրա, որոնք թույլ են տալիս նվազեցնել հնարավոր կորուստները եւ գտնել օպտիմալ որոշումներ:
Ինչպես նշում է Ռուբեն Գեւորգյանը, կազմակերպությունների թոփ մենեջերները պարտադիր չէ, որ ծանոթ լինեն այդ մեթոդներին: Սակայն, շատ կարեւոր է, որ հատկապես ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա լինեն այս ոլորտի արհեստավարժ մասնագետներ, որոնք լիովին տիրապետում են միջազգային ստանդարտներին:

«Համաձայն միջազգային լավագույն փորձի՝ ռիսկերի մենեջերները չեն կայացնում վերջնական որոշումներ, այլ առաջարկներ են տալիս կազմակերպությունների թոփ մենեջերներին՝ որոշումներ կայացնելու: Այս առումով շատ կարեւոր է, որ որոշումներ կայացնողները նույնպես նվազագույն գիտելիքներ ունենան այս ոլորտում, որպեսզի կարողանան ճիշտ ընկալել ռիսկերի մենեջերների առաջարկները»,- ասում է մեր զրուցակիցը:

Ռուբեն Գեւորգյանի կարծիքով՝ հայաստանյան կազմակերպություններն օր օրի առավել խորությամբ են ընկալում այդպիսի մոտեցումների անհրաժեշտությունը, ինչն էլ բերում է ֆինանսական ռիսկերի կառավարչի՝ միջազգային հավաստագրերի կարեւորության գիտակցմանը եւ դրա պահանջարկի մեծացմանը:

Banks.am


Դիտում՝ 11572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW