“ՀԱՅ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԵՐԲԵՔ ՀԵՇՏ ՉԻ ԵՂԵԼ”

27.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Անելիք Բանկի” վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը “Գոլոս Արմենիի” թերթին
(2006թ. հուլիսի 27, թարգմանված ռուսերենից կրճատումներով)

- Մարդիկ գնալով ավելի խիզախ են դառնում` ծանոթանալով “պարտքով ապրելու” արեւմտյան ոճին: Ի՞նչ եք կարծում, Հայաստանին Ռուսաստանի նման արդեն խոցել է սպառողական վարկավորման վիրուսը, եւ ինչպե՞ս խուսափել դրա հետ կապված վտանգներից:

- Ուզում եմ անմիջապես նշել, որ “Անելիք բանկի” համար սպառողական վարկավորումը նորություն չէ: Երկար տարիներ մեր բանկը վարկեր է տրամադրում բնակչությանը` ապառիկ ապրանքներ, ավոմեքենա, բնակարան գնելու համար: Այս տարի ներդրեցինք նոր վարկային ապրանքատեսակ` բնակարանների գազաֆիկացման համար: Սպառողական վարկավորման ծավալները տարեց տարի աճում են մեծ տեմպերով եւ արդեն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով “Անելիք բանկի” ընդհանուր վարկային պորտֆելում կազմում էր գրեթե 40% կամ 5.5 մլրդ դրամ: Սպառողական վարկի ցանկացած տեսակ մեր բանկում մանրակրկիտ կերպով մշակվում է` տրամադրված գումարների վերադարձման ռիսկայնության նվազեցման նպատակով: Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վճարունակության գնահատման մեր մշակած մեթոդի կիրառումը վստահություն է առաջացնում, որ սպառողական վարկերի հետ կապված անլուծելի խնդիրներ մենք չունենք, եւ, հուսով եմ, չենք էլ ունենա:

- Ինչպե՞ս հաջողվեց “Անելիք բանկին” ներմուծել հուլիսի 1-ից պարտադիր դարձած կորպորատիվ կառավարման սկզբունքները:

- Կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը մեր բանկում որեւէ բարդություններ չառաջացրեց, քանզի սեփականատերերի փայատիրական մասնակցության կառուցվածքը եւ գործադիր մարմնի կողմից կիրառվող կառավարման մեթոդներն այնպիսին են, որ այս կամ այն հարցը լուծելու համար միշտ պահանջվել է կոլեգիալ մեծամասնության համաձայնությունը, այսինքն` կարելի է ասել, որ կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքները մեր բանկում գործել են նաեւ մինչեւ օրենսդրական փոփոխությունները:

Կորպորատիվ կառավարմանը վերաբերող օրենսդրական նորմերի ընդունումից հետ մենք կանոնակարգում համապատասխան փոփոխություններ մտցրեցինք, փոխեցինք ներքին աուդիտի վարչության ենթարկությունը, փոխեցինք խորհրդի կազմը` անդամների թիվը հասցնելով 5-ի: Ես դուրս եկա խորհրդի կազմից` մնալով վարչության նախագահ:

- Որքան ինձ հայտնի է, “Անելիք բանկը” ճանաչվել է “Սիթիբանկի” կողմից հայտարարված մրցույթի տարածաշրջանային հաղթող: Ինչպիսի՞ նոր բանկային ապրանքատեսակներով եւ տեխնոլոգիաներով կարող եք այսօր “պարծենալ”:

- “Անելիք բանկը” տարածաշրջանում ճանաչվել է հաղթողներից մեկը միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ դրամական փոխանցումներ կատարելու բնագավառում: Բանկի նոր ապրանքատեսակներից է Master Card պլաստիկ քարտը` Gold եւ Standard, որը թողարկվել է “Չեխական ավիաուղիներ”-ի հետ համատեղ: Այս քարտերի տերերը ստանում են որոշակի արտոնություններ, երբ սպասարկվում են “Չեխական ավիաուղիներ”-ի երեւանյան գրասենյակում, բացի այդ այս քարտերի տարեկան սպասարկամն վճարը զգալիորեն ցածր է: Ցանկանում եմ հայտնել նաեւ, որ մեր բանկը դեռեւս միակն է Հայաստանում, որ միաժամանակ տրամադրում է Master Card եւ Visa պլաստիկ քարտեր:

- Երբեմն թվում է, որ հայկական առեւտրային բանկերը չափից դուրս զգույշ են տնտեսության իրական հատվածին վարկեր տրամադրելու առումով:

- Իրավասու չեմ խոսել Հայաստանի բոլոր բանկերի անունից, բայց ինչ վերաբերում է “Անելիք բանկին”, ապա մեր քաղաքականությունը կայանում է հենց տնտեսության իրական հատվածի վարկավորման մեջ, ինչի մասին վկայում են մեր ցուցանիշները: Այս տարվա առաջին կիսամյակում մեր վարկային պորտֆելն ավելացել է մոտ 20%-ով, իսկ մինչ տարեվերջ աճը կկազմի 40%: Ինչ վերաբերում է “ավելորդ փողերին”, ապա 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ վարկային ներդրումների ծավալը “Անելիք բանկի” ընդհանուր ակտիվներում կազմում էր ավելի քան 65%, ինչը հայկական այլ բանկերի հետ համեմատ բավականին բարձր ցուցանիշ է եւ վկայում է այն մասին, որ բանկը վարկավորմանն է ուղղում իր ռեսուրսների էական մասը:

- Հայաստանի բանկային դաշտում սկսել են նոր խաղացողներ հայտնվել (Ղազախստանից, Ուկրաինայից): Կա կարո՞ղ է բերել մրցակցության աճի եւ տոկոսադրույքների իջեցման:

- Վարկերի տոկոսադրույքների նվազեցում մեր բանկում պարբերաբար կատարվում է, եւ վերջին նվազեցումը` ավելի քան 2%-ով, իրականացվեց ընթացիկ տարվա ապրիլի 1-ին վարկավորման գրեթե բոլոր ողղություններով: Ինչ վերաբերում է մրցակցության աճին, կարող եմ ասել, որ հայ բանկիրների կյանքը երբեք էլ հեշտ չի եղել, եւ մեր բանկը կառուցում է իր զարգացման ռազմավարությունը մոտակա տարիների համար` հաշվի առնելով աճող մրցակցությունը:

- Ձեր կարծիքով, որքանո՞վ են իրենց արդարացնում ավանդների ապահովագրման, ազգային վճարային եւ վարկային պատմությունների հավաքման եւ կուտակման համակարգերը:

- Ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման ապահովագրման օրենքի ընդունումն ու համապատասխան հիմնադրամի ստեղծումը էապես բարելավել է իրավիճակը եւ երաշխիք է հանդիսանում, որպեսզի նախկինում տեղի ունեցած բացասական երեւույթները չկրկնվեն: Ավանդատուները իրենց միջոցների ճիշտ դիվերսիֆիկացման դեպքում կարող են խուսափել անցանկալի հետեւանքներից:

ԱռՔա Ազգային վճարային համակարգի ներմուծումը նույնպես դրական եմ գնահատում, քանի որ տարեց տարի պլաստիկ քարտեր օգտագործողների թիվն ավելանում է:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկային ռեգիստրի համակարգի ներմուծումը էապես դյուրացնում է մեր աշխատանքը փոխառուների գնահատման առումով, եւ ներկայումս “Անելիք բանկում” վարկային ռեգիստրի միջոցով անպայման ստուգվում է մեր բոլոր փոխառուների վարկային անցյալը:

- Հայաստանն արդեն ունի իր սուվերեն վարկային վարկանիշը: Ցանկություն չունե՞ք սեփական վարկանիշ ստանալ “Անելիք բանկի” համար:

- Ոչ միայն ունենք նման ցանկություն, այլեւ այդ ուղղությամբ որոշակի աշխատանք արդեն կատարել ենք.”Անելիք բանկը” պայմանագիր է կնքել միջազգային ամենահեղինակավոր վարկանշային կազմակերպություններից մեկի` Moody’s-ի հետ է, եւ հուսով ենք, որ 2006 թվականին մեր բանկը կունենա իր սեփական միջազգային վարկանիշը:

Դիտում՝ 9107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW