Հունաստանի դեսպանատունը պատրաստ է օգնել հայ գործարարներին դրսեւորվել հունական շուկայում
03.10.2014 | 10:15
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանի եւ Հունաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2014թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է մոտ $9 մլն 270 հազ.: Հայաստանից արտահանումը կազմել է $44.9 հազ., իսկ ներմուծումը՝ $9 մլն 225 հազ.:
Հայ եւ հույն գործարարների շփումներն ակտիվացնելու եւ հետագայում բիզնես համագործակցությունը խթանելու նպատակով սեպտեմբերի 30-ին Երեւանում կայացել է Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը: Այն կազմակերպել են Զարգացման հայկական գործակալությունը, ՀՀ-ում Հունաստանի դեսպանատունը եւ Էնթերփրայզ Գրիս հունական ընկերությունը:
Banks.am-ը գործարար համաժողովի ավարտին զրուցել է Հայաստանում Հունաստանի դեսպանատան տնտեսական եւ կոմերցիոն հարցերով առաջին խորհրդական Լեոնիդաս Պապակոնստանտինիդիսի հետ:
- Հունաստանի պատվիրակության կազմում մեկ տասնյակից ավելի ընկերություններ են մասնակցել համաժողովին: Ի՞նչ ոլորտներ են նրանք ներկայացնում:
- Ցանկանում եմ նշել, որ նման բիզնես-ֆորումներ նախկինում եւս կազմակերպվել են, բայց Հայաստանում իմ աշխատելու ընթացքում սա հայ-հունական առաջինն է: Մեր դեսպանատունն իր գործունեությամբ ցանկանում է ավելացնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, քանի որ, ինչպես Երեւանում իրենց ելույթներում նշեցին Հայաստանի եւ Հունաստանի նախագահները, մենք բավարարված չենք երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներով:
Հայաստան ժամանած հույն գործարարները եւ ընկերությունների ներկայացուցիչները ներկայացնում են տարբեր ոլորտներ: Ներկայացված են ընկերություններ գյուղատնտեսության, սննդի եւ խմիչքի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, շինանյութերի ոլորտներից: Նրանք դեռ մի քանի օր մնալու են Երեւանում եւ շարունակելու են հանդիպումների շարքը, փորձելով հայկական ընկերությունների հետ նոր կապեր հաստատել:
Նախատեսված են երկկողմանի հանդիպումներ հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվելու է հետագա համագործակցության հնարավորությունը: Այն հունական ընկերությունները, որոնք այստեղ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել հայ գործընկերների հետ, ասում են, որ դրական են տրամադրված եւ որ արդեն իսկ արդյունավետ հանդիպումներ են ունեցել:
Կարող եմ վստահ ասել, որ թե հայկական, թե հունական կողմն անչափ հետաքրքրված է եւ ձգտում է, որ բիզնես-ֆորումի ընթացքում ձեռք բերված արդյունքներն ունենան շարունակություն, իսկ կապերը ջերմանան: Դեսպանատունը եւս մեծ ուշադրություն է դարձնելու արդյունքներին, քանի որ մեր նպատակը ոչ միայն ֆորում կազմակերպելն է, այլեւ ապահովել դրա շարունակությունը: Մենք կփորձենք օգնել այդ նախագծերի իրականացմանը: Կարծում եմ, շատ կարճ ժամանակ անց արդեն կկարողանանք խոսել կոնկրետ արդյունքների մասին:
-Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական ոլորտները, որտեղ համագործակցությունը շահավետ կլինի երկու երկրների գործարարների համար:
- Հունական ընկերությունները հետաքրքրված են հատկապես գյուղատնտեսության ոլորտում համագործակցությամբ: Ինչպես գիտեք, Հունաստանի նախագահի այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հունաստանի գյուղական զարգացման եւ պարենի նախարարության միջեւ ստորագրվել է համաձայնագիր: Մենք ակնկալում ենք, որ այս համաձայնագիրը կնպաստի ոլորտում համագործակցության ընդլայնմանը, որն էլ կհանգեցնի ներդրումների աճին:
Հույն գործարարների հետաքրքրության հաջորդ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որի զարգացումը, ինչպես նշվեց նաեւ ՀՀ նախագահի ելույթում, շատ է կարեւորվում Հայաստանի կողմից:
Հույն գործարարների մեծ մասն այս օրերին կայցելի նաեւ սահմանամերձ գոտի, հասկանալու համար, թե ինչպես կարելի է օգտվել այնտեղ ներդրումների գործընթացը դյուրացնող նոր կանոնակարգերից:
Հետաքրքրված ենք նաեւ օգնել հայ գործարարներին դրսեւորել իրենց հունական շուկայում: Հայաստանում Հունաստանի դեսպանատունը կաջակցի այն հայկական ընկերություններին, ովքեր կցանկանան գործունեություն ծավալել Հունաստանում:
-Կարո՞ղ եք ներկայացնել հունական ընկերությունների կողմից Հայաստանում եւ հակառակ ուղղությամբ գործունեության հաջողված օրինակներ:
- Հայաստանում այս պահին երկու ծրագրեր են իրականացվում, որոնք ֆինանսավորվել են Հունաստանի կառավարության կողմից: Դրանցից մեկը «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրն է: Այն նախատեսում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած 5 սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում:
Մյուս ծրագիրը նախատեսում է մինչեւ տարեվերջ թունաքիմիկատների որակի վերահսկողություն իրականացնող նոր լաբորատորիայի շինարարություն:
Ի դեպ, որպես հաջողված օրինակ կարող եմ նշել Հայաստանում հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունների մատակարար «Ինտրաքոմ» հունական ընկերության գործունեությունը:
Տեղյակ եմ, որ վերջերս Հայաստանից Հունաստան թանկարժեք քարերի եւ ժամացույցների արտահանման առումով ակտիվություն է նկատվում: Հուսանք, որ Երեւանում կայացած բիզնես-ֆորումի արդյունքում շուտով կլսենք մի շարք նոր հաջողված պատմությունների մասին:
Լեոնիդաս Պապակոնստանտինիդիսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Վերջին լուրեր
21.04.2025 | 10:20 Նորություններ
Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում
20.04.2025 | 09:43 Նորություններ
Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: