Յունիբանկը տեղեկացնում է, որ 2017-ին արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով՝ ավելացնելով ակտիվները մինչեւ 200 մլրդ դրամ: «Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության եւ տնտեսության ռեալ հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում: Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ. կազմել է 127 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով: Մանրածախ եւ անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված ProtoCRM համակարգով: Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը՝ հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, եւ բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: 2017թ. համակարգը մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 410 000 հայտ: Մանրածախ վարկերի պորտֆելը գերազանցել է 66,8 մլրդ դրամը, աճը կազմել է 15%: Մանրածախ վարկերի քանակը հաշվետու տարվա ընթացքում աճել է 26%-ով՝ գերազանցելով 255 000-ը: Աճ է ապահովել նաեւ քարտային ուղղությունը՝ քարտերով վարկերի քանակն աճել է 220%-ով եւ կազմել 26 000: «Արձանագրված ցուցանիշները վկայում են Յունիբանկի ծառայությունների նկատմամբ բնակչության մեծ պահանջարկի մասին: Այսօր Յունիբանկը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի»,- նշել են բանկում: 2017թ. Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաեւ ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով եւ կազմել 60 մլրդ դրամ:«Առաջիկա տարիների ռազմավարությունը ենթադրում է էլ ավելի բարձր աճ եւ բանկի մասնաբաժնի ավելացում շուկայում: Մինչեւ 2020թ. մենք նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 45%-ի եւ կորպորատիվ վարկավորման 35%-ի աճ՝ նորագույն տեխնոլոգիաների հիման վրա մշակված եւ հաճախորդների սպասումներին առավելագույնս համապատասխանող ծառայությունների մշակման միջոցով: Բանկային ծառայությունների ժամանակակից սպառողն ակնկալում է նաեւ իր ֆինանսների հեռահար կառավարման հնարավորություն՝ աշխարհի ցանկացած կետից: Ահա թե ինչու մենք առաջնորդվում ենք բանկը միշտ հաճախորդի կողքին է սկզբունքով եւ ձգտում որքան հնարավոր է շատ ծառայություններ տրամադրել օնլայն»,- ասել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Tweet Դիտում՝ 6932