Կապիտալ Ասեթ Մենեջմենթ. «Վերածնունդ» բառը տեղին չէ

25.12.2012 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2012թ. հոկտեմբերին Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ընկերությունն առաջինը Հայաստանում գրանցվեց, որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ: Ներկայումս ընկերությունը զբաղված է 2 կամավոր կենսաթոշակային եւ 1 ներդրումային ֆոնդի գրանցմամբ, որոնք կսկսեն գործել 2013թ. առաջին եռամսյակում: Եվ չնայած այն հանգամանքին, որ Կապիտալ Ասեթ Մենեջմենթը ներկայումս գրեթե լիովին տարված է վարչական հարցերով եւ որոշակիորեն անմասն  է մնացել Հայաստանի արժեթղթերի շուկայում վերջին զարգացումներին, որոնցից կենտրոնականն են դոլարային պարտատոմսերի թողարկումները, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը համաձայնվել է մեկնաբանություններ տալ շուկայում ընթացող զարգացումների եւ 2013-ից տնտեսական սպասելիքների վերաբերյալ:

- Ինչպե՞ս է ընթանում Հայաստանում առաջին ներդրումային եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի գրանցման գործընթացը:

- Ինչպես գիտեք, այս տարվա հոկտեմբերի 18-ին մենք գրանցվեցինք` որպես առաջին ներդրումային ֆոնդի կառավարիչ եւ ունենք ներդրումային ֆոնդերի եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա: Այժմ վերջնականացնում ենք փաստաթղթերը, որպեսզի դիմենք Կենտրոնական բանկ՝ ներդրումային ֆոնդ եւ երկու կենսաթոշակային ֆոնդ գրանցելու համար:

- Սկսենք ներդրումային ֆոնդից: Ինչպիսի՞ ֆոնդ եք ստեղծում եւ ի՞նչ նպատակների է այն ծառայելու:

- Ներդրումային ֆոնդն ուղղակի խնայելու միջոց է` այլընտրանք բանկային ավանդին: Ներդրումային ֆոնդի «սպառողները» կլինեն այն անհատները, որոնք ուզում են խնայել, կամ կորպորատիվ հաճախորդները, որոնք կօգտագործեն այս գործիքը իրենց կանխիկի կառավարման նպատակով:

Ներդրումային ֆոնդի փայն իրենից ներկայացնում է իրացվելի ակտիվ. ցանկացած պահի այն կարելի է ներկայացնել մարման եւ ստանալ գումարը: Այսօր բանկերում կան նմանատիպ գործիքներ, որոնք, սակայն, ժամկետից շուտ մարվելու դեպքում ենթադրում են տոկոսների որոշակի կորուստ: Ներդրումային ֆոնդի դեպքում կորուստ չի ենթադրվում. եթե փայի հաշվարկային արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 1500 դրամ, անհատը ստանում է նույնքան` անկախ փայի մարման ժամկետից:

- Անցնենք կենսաթոշակայիններին. Դուք պատրաստվում եք գրանցել երկու կենսաթոշակային ֆոնդ, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Մեր կենսաթոշակային ֆոնդերը տարբերվելու են իրենց ներդրումային քաղաքականությամբ: Առաջինը կազմված կլինի 100% ֆիքսված եկամտաբերություն ապահովող գործիքներից, երկրորդը կլինի «Կոնսերվատիվ ֆոնդ», որը ենթադրում է, որ ակտիվների մինչեւ 25%-ը կարող է ներդրվել բաժնետոմսերում:

Այն մարդիկ, ովքեր կգերադասեն փոքր ռիսկը, կընտրեն ֆիքսված եկամուտ ապահովող ֆոնդը, իսկ նրանք, ովքեր ավելի երիտասարդ են եւ խնայելու ավելի երկար ժամանակ ունեն, ավելի տրամաբանական է, որ ընտրեն «Կոնսերվատիվ ֆոնդը», որտեղ առկա է բաժնետոմսերի չափաքանակ:

Գործելու է երկու սխեմա. մեկը գործատուի մասնակցությամբ, եւ երկրորդը՝ երբ անհատը ներդնում է ինքն իր համար: Երկուսի դեպքում էլ կան հարկային արտոնություններ, աշխատողի համարհարկվող եկամտի մինչև 5% նվազեցում  եկամտային հարկից, իսկ գործատուի մասնակցության դեպքում` գործատուի կողմից կատարված վճարումների մինչև 150% նվազեցում շահութահարկից, սակայն ոչ ավել քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով 7.5%-ը:

- Գո՞հ եք կամավոր կենսաթոշակային ֆոնդերը կարգավորող օրենսդրությունից:

- Կամավոր ֆոնդերի սահմանաչափերը բավականին լիբերալ են, մինչեւ 50%-ը թույլատրվում է ներդնել արտարժութային ակտիվներում, ինչպես նաեւ մինչեւ 50%-ը թույլատրվում է ներդնել Հայաստանից դուրս: Դա տրամաբանական է:

- Իսկ, առհասարակ, ի՞նչ է կատարվում շուկայում: Պատրաստվո՞ւմ են արդյոք ֆինանսական շուկայի մյուս մասնակիցները ֆոնդեր գործարկել:

- Ինչպես գիտեք, մենք միակ գրանցված ֆոնդի կառավարիչն ենք:

Շուկայի մասնակիցների շրջանում հետաքրքրվածություն կա պարտադիր կուտակային ֆոնդերի գործարկման նկատմամբ, բայց կամավորի մասով տեղեկատվություններ չունեմ: Գիտենք միայն, որ բանկերից մեկում գործում է կենսաթոշակային ավանդային սխեմա:

Քանի որ Հայաստանում այս գործունեության տեսակը բացարձակ նոր է, հետեւաբար, պետք է մեծածավալ աշխատանքներ կատարել պահանջարկն «արթնացնելու» համար, որը, միանշանակ, կա: Հաջորդ տարի կառավարությունը սկսելու է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկման արշավ: Դրա արդյունքում կբարձրանա մարդկանց տեղեկացվածությունը, որպեսզի հնարավոր լինի խոսել ռեալ պահանջարկի մասին:

Մենք նախատեսում ենք աշխատել գործատուների հետ, ներկայացնել նրանց, թե ինչում է կայանում կենսաթոշակային բարեփոխումների էությունը: Նախնական պայմանավորվածություններ ունենք մի շարք գործատուների հետ, որոնք այդ գործիքը մտադիր են օգտագործել՝ սոցիալապես պատասխանատու գործատու ներկայանալու, ինչպես նաեւ աշխատողների համար նոր խթաններ ապահովելու նպատակով: Աշխատանք է տարվելու նաեւ անհատների հետ, որոնք պետք է հասկանան տարբեր ֆոնդերի ներդրումային քաղաքականությունների տարբերությունները եւ ընտրություն կատարեն:

Կամավոր կուտակային սխեմաները գործելու են պարտադիրին զուգահեռ, մեկը մյուսին չի փոխարինելու: Պարտադիրի պարագայում միջոցների տնօրինման սահմանափակումներն ավելի խիստ են, քան կամավորի դեպքում: Բացի այդ 40-ից բարձր անձանց համար պարտադիրում խնայելը սահմանափակված է 5%-ով, իսկ ահա կամավորում նրանք կարող են խնայել ավելի մեծ գումարներ: Այս առումով կամավորն առավելություններ ունի պարտադիրի նկատմամբ:

- Վերջերս ԿԲ-ն թույլատրեց դոլարային պարտատոմսերի թողարկումը Հայաստանում, ինչին հաջորդեց արդեն 3 թողարկում: Կարելի՞ է արդյոք դիտարկել այս նորամուծությունը, որպես ապագայում ձեւավորվող կենսաթոշակային ակտիվները Հայաստանում «պահելու» միջոց:

- Անշուշտ, այդպիսի ենթադրությունը տեղ ունի, քանի որ, եթե որեւէ կենսաթոշակային ֆոնդն ունենա այնպիսի ներդրումային քաղաքականություն, որ իր ակտիվների որոշակի մասը պետք է ներդրվի արտարժույթում, ապա դա լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի այդ ակտիվները տեղաբաշխվեն հայաստանյան շուկայում:

Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ քայլի հիմնական նպատակը տեղի կապիտալի շուկայի խթանումն էր: Համոզված եմ, դոլարային պարտատոմսերի թողարկումները Հայաստանում շարունակվելու են եւ կարող են Հայաստան բերել նաեւ արտասահմանյան ներդրումներ:

- Վերջին 2-3 տարում ՀՀ կապիտալի շուկայում չենք տեսել արժեթղթերի այդքան հաճախակի հրապարակային տեղաբաշխումներ: Կարելի՞ է արտարժութային պարտատոմսերի ներմուծումը ՀՀ կապիտալի շուկայի «վերածնունդ» անվանել:

- «Վերածնունդ» բառը տեղին չէ, քանի որ դա տեղի է ունեցել սոսկ մեկ ադմինիստրատիվ փոփոխության արդյունքում: Ավելին, անգամ այն թողարկումները, որոնք տեսել ենք 2007-2009թթ.` կրկին ադմինիստրատիվ լուծումների արդյունք էին.
շուկային հնարավորություն ընձեռնվեց ունենալ համեմատաբար իրացվելի գործիք:

Եթե վերջին թողարկումները փոքր-ինչ ավելի խորը վերլուծենք, կտեսնենք, որ դրանցից առնվազն երկուսը արվել են եղած պարտավորությունները վերաֆինանսավորելու նպատակով, այսինքն` դա ընդամենը մեկ պարտքային գործիքը մյուսով փոխարինելու երեւույթ էր:

Մինչդեռ իրական կապիտալի շուկայի կայացման համար մենք պետք է ունենանք պրոդուկտներ, որոնք ուղղված կլինեն բիզնես-նախագծերի իրագործմանը, ձեռնարկությունների զարգացմանը, երկարաժամկետ արժեթղթերով կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Այնուամենայնիվ կարծում եմ, որ հենց ադմինիստրատիվ լուծումների և խթանիչ քաղաքականության իրականացման արդյունքում է հնարավոր ապահովել կապիտալի շուկայի բնականոն զարգացում:

- Հայաստանի գործարար համայնքը 2013 թվական է մտնում բազմաթիվ օրենսդրական փոփոխություններով, որոնց դեռ պետք է հարմարվել: Բացի այդ, 2012-ին նախորդ տարվա հետ համեմատ Հայաստանում զգալիորեն նվազել են օտարերկրյա ներդրումները: Այս պայմաններում ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական զարգացումներ ակնկալել 2013-ից:

-Ընդհանուր առմամբ տնտեսությունում օպտիմիզմի պակաս կա, և նույն վիճակն է նաև աշխարհում: Դա բնական է, քանի որ սովորաբար տնտեսական վերելքի ժամանակ մարդիկ չափից ավելի օպտմիստ են լինում (դրանով է հենց պայմանավորված տնտեսական “փուչիկների” առկայությունը), իսկ վայրէջքի ժամանակ չափից ավելի պեսիմիստ, որը խանգարում է տնտեսական աճին, քանի որ սպառման կրճատում է տեղի ունենում: Մեր տնտեսությունում այդ իրավիճակը ուղեկցվեց նաև շատ անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ: Այդ բարեփոխումների որոշ մասը հաջողվեց, որոշների արդյունքների մասին դատելը դեռևս շուտ է, սակայն անորոշությունները օբեյկտիվորեն իրենց ազդեցությունը ունենում են ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա:

Կարծում եմ, 2013-ը տնտեսության վրա իր ազդեցությամբ շատ չի տարբերվի 2012-ից: Մենք ունենք ընտրական տարի, բայց կառավարությունը ձեռնարկել է մի խիզախ միջոցառում, որը, երեւի թե, հողի սեփականաշնորհումից հետո ամենակարեւոր բարեփոխումն է Հայաստանում: Դրա պտուղները մենք կզգանք 20-30 տարի հետո: Բայց մի բանի սկիզբ է դրվում, որն էականորեն մի քանի տարի անց կփոխի մեր երկրի տնտեսական կառուցվածքը: Ես չեմ ուզում ասել, որ դա բացառապես պայմանավորված է կենսաթոշակային բարեփոխումներով. նոր բիզնես-մշակույթ է մտնում Հայաստան:

Իհարկե, բիզնես միջավայրը չի սիրում հաճախակի փոփոխություններ: Եթե մի բան փոխվում է շատ հաճախակի, բիզնեսի համար անորոշություններ են ստեղծվում:
Հայաստանի բիզնես-միջավայրի ամենախոցելի տեղն են շարունակում մնալ հարկային եւ մաքսային ոլորտները: Փոփոխություններն այնտեղ բիզնես-միջավայրի վրա անմիջապես կազդեն: Ներկայումս այն ոլորտներում ընթացող փոփոխությունները հույս են ներշնչում, որ իրավիճակը կբարելավվի:

Օտարերկրյա ներդրումների մասով կարծում եմ, որ դա պայմանավորված է ոչ միայն ներքին տնտեսական իրավիճակով, այլ նաև այլ գործոններով, արտաքին տնտեսության հետ կապված, մասնավորապես արտաքին աշխարհում տնտեսական անորոշություններով պայմանավորված հնարավոր է տնտեսվարողները հետաձգում կամ վերանայում են իրենց ընդլայման ծրագրերը:

Հայկ Ոսկանյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 7274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW