Precious Plastic. Հայաստանում երկրորդ կյանք կտան պլաստիկին

03.04.2018 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Precious Plastic #Proper #Մարիաննա Միշոյան
Proper ընկերությունը Հայաստանում մեկնարկում է Precious Plastic Armenia նախագիծը, որը նպատակ ունի սկսել պլաստիկի փոքր ծավալների վերամշակում եւ դրանից ստանալ կայուն եւ մրցունակ արտադրանք: Նախագծի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիր Մարիաննա Միշոյանի հետ:

Precious Plastic. Նիդեռլանդներ

Precious Plastic նախագիծը մշակվել է Նիդեռլանդներում՝ երիտասարդ դիզայներ Դեյվ Հեքենսի կողմից: Վերջինս իր ուսումնասիրությունների ընթացքում նկատել է, որ պլաստիկի վերամշակումը, որպես կանոն, իրականացվում է թանկարժեք տեխնիկա ունեցող մեծ գործարաններում, ուստի իր առջեւ նպատակ է դրել այն տեղափոխել փոքր, այսպես կոչված, համայնքային դաշտ: Որպես խնդրի լուծում եւ որպես իր ավարտական աշխատանք՝ նա նախագծել է այն 4 հիմնական գործիքները, որոնք պահանջվում են պլաստիկի վերամշակման փոքր ստուդիա հիմնադրելու համար:


Ժամանակի ընթացքում գաղափարը տարածվել է աշխարհի տասնյակ քաղաքներում, եւ այժմ այդ համայնքն ընդգրկում է մոտ 40 հազ. մասնակից: Մասնավորապես, յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի համացանցից ներբեռնել անհրաժեշտ սարքերի պատրաստման գծագրերը, ուսումնական ձեռնարկներն ու հոլովակները եւ սկսել սեփական վերամշակումն ու արտադրությունը:

Աղբի վերամշակումը Հայաստանում

Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտում ներդրումներ կատարելուն խանգարում են բազմաթիվ տարբեր ռիսկեր եւ խոչընդոտներ, օրինակ՝ համապատասխան կառույցների եւ ենթակառուցվածքի բացակայությունը, պետական-մասնավոր ընկերությունների համագործակցության ցածր մակարդակը, ինչպես նաեւ թափոնների վերամշակման եւ կառավարման կարեւորության մասին տեղեկացվածության պակասը:  

«Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում վերամշակվում է  պոլիէթիլենտերեֆտալատային պլաստիկ (PET) շշերի միայն 15%-ը, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 50% է: Այլ տեսակի պլաստիկ նյութերի մասին տվյալներ չկան,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Proper ընկերության համահիմնադիր Մարիաննա Միշոյանը: -Հավաքված շշերը վերամշակվում են եւ ուղարկվում հիմնականում Գերմանիա եւ Ռուսաստան: Մնացած մասը մնում է տեղում՝ ավելացնելով հողի բեռնվածությունը, աղտոտելով ջրի աղբյուրները, գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչպես նաեւ վտանգելով կենսաբազմազանությունը եւ հանրային առողջությունը»:  

Մյուս կողմից, Մարիաննայի խոսքով, պլաստիկը արտադրության համար բավական հետաքրքիր նյութ է, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ ստանալու կայուն եւ երկարաժամկետ օգտագործման արտադրանք:

«Ցավալի է, որ պլաստիկ իրերը մարդկանց շրջանում ունենում են այդքան կարճ՝ միանգամյա օգտագործման կյանք ունի, մինչդեռ բնության մեջ դրանց քայքայման համար անհրաժեշտ է 500-1000 տարի»,- ասում է Մարիաննան:

Հոլանդական փորձը՝ Հայաստանում

Հաշվի առնելով Հայաստանում պլաստիկ թափոնների՝ գնալով ահագնացող ծավալները՝ Proper ընկերության երիտասարդ համահիմնադիրներ Բենօ և Մարիաննա Միշոյանները որոշել են հոլանդական փորձը ներդնել Հայաստանում եւ երկրորդ կյանք տալ պլաստիկին:

«Որպես դիզայներներ եւ սոցիալական ձեռներեցներ՝ մենք պլաստիկ թափոնների առաջացման կանխումը դիտարկում ենք որպես համայնքի կառուցման եւ իրազեկության բարձրացման խնդիր, ինչպես նաեւ տնտեսությունը զարգացնելու հնարավորություն, քանի որ պլաստիկի լայնամասշտաբ վերամշակումը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, ներդրումներ, ինչպես նաեւ վերամշակված պլաստիկի վաճառք»,- ասում է Մարիաննան:

Պլաստիկի վերամշակման ստուդիայի համար անհրաժեշտ առաջին գործիքը մամլիչ մեքենան է, որը պլաստիկը մանրացնում է, իսկ արդեն մանրացված պլաստիկը առանձնացնում ըստ տեսակի եւ գույնի: Մարիաննա Միշոյանի խոսքով՝ առաջին սարքի համար անհրաժեշտ ներդրումն արվել է իրենց ընկերության կողմից, եւ դրա պատրաստման աշխատանքներն արդեն սկսվել են:


«Հաջորդ փուլում ծրագիրը ներկայացնելու ենք բնապահպանական եւ ներդրումային հետաքրքրություններ ունեցող կազմակերպությունների հետ, որպեսզի օժանդակություն ստանանք մյուս գործիքների պատրաստման, ստուդիայի վարձակալության եւ այլ ծախսերի հարցում»,- ասում է ընկերության համահիմնադիրը:  

Նախագծի ուղղվածությունը

Precious Plastic նախագիծն ունի երեք ուղղվածություն, որոնցից առաջինը թափոնների կառավարման նորարական մեթոդն է. մեկանգամյա օգտագործման այն թափոնները, որոնք մինչ այժմ ուղարկվում էին աղբավայր կամ աղտոտում շրջակա միջավայրը, այժմ կարող են մանրացվել, վերամշակվել եւ երկրորդ կյանք ստանալ:

Մյուս կողմից, ծրագիրն աշխատում է որպես սոցիալական բիզնես, որը նպատակ ունի շուկայում ստեղծել կայուն արտադրանք եւ այդ շրջանառությամբ փակել սեփական ծախսերը:

Երրորդ, եւ ոչ պակաս կարեւոր ուղղությունը կրթականն է, որը նպատակ ունի ոչ միայն արագացնել պլաստիկի վերամշակման արտադրական տեմպերը, այլեւ ընդհանրապես նպաստել պլաստիկի օգտագործման կրճատմանը:

Այս առումով՝ Մարիաննա Միշոյանը նկատում է, որ հայկական հասարակության մեջ հոգեբանական առումով մեծ աշխատանք կա տանելու, քանի որ որոշ շերտերի մոտ, օրինակ, «խանութից շատ տոպրակներով դուրս գալը» ասոցացվում է առատության, եւ ընդհակառակը, սեփական կտորից տոպրակով շուկա գնալը՝ «խորհրդային հետամնացության հետ»: Մյուս կողմից, լավատեսություն է առաջացնում այն հանգամանքը, որ հենց խորհրդային տարիներից հայ հասարակության մեջ մնացել է ապրանքները վերամշակելու, դրանց երկրորդ կյանք տալու մշակույթը, ինչը կարող է որոշակիորեն հեշտացնել իրենց աշխատանքը:

Նախագծի հեղինակները հոռետեսորեն են նայում, որ Հայաստանում մոտ ժամանակներում պետական մակարդակով պլաստիկի նվազեցման ռազմավարություն կընդունվի, հետեւաբար՝ փորձում են իրենց վրա վերցնել հասարակության իրազեկման խնդիրը եւ կրթական աշխատանքներ տանել՝ քաղաքացիների մոտ նոր մտածողություն  ձեւավորելու համար:

«Այժմ փորձում ենք պայմանավորվել սննդի մատակարարման ընկերությունների հետ, որպեսզի նրանք ուտելիքի առաքման ժամանակ պլաստիկ սպասք չդնեն, եթե հաճախորդը դա չի ցանկանում: Սա արտասահմանում կիրառելի մեթոդ է: Մի շարք ռեստորաններում մինչեւ 90%-ով կրճատվել է պլաստիկի օգտագործումը, երբ նրանք իրենց կայքում ավելացրել են մի կոճակ,որով գնորդը նշում է՝ արդյոք իրենց պլաստիկ սպասք անհրաժեշտ է, թե՝ ոչ»,- ասում է Մարիաննան՝ հավելելով, որ այս նախաձեռնության նկատմամբ արդեն հետաքրքրություն է ցուցաբերել Menu.am ընկերությունը:


Կայուն արտադրանք

Նախագծի հեղինակները նկատում են, որ, օրինակ, ի տարբերություն փայտամշակման դարավոր ժառանգությանը, պլաստիկը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, նոր նյութ է՝ իրեն բնորոշ բազմաթիվ դժվարություններով ու խնդիրներով:

«Դեռ մի քանի տարի առաջ չկար այն գաղափարը, որ ցանկացած ոք կարող է պլաստիկը վերամշակելով ստանալ նոր արտադրանք՝ առանց հսկայական ներդրումների: Եվ այսօր տեսնում ենք, որ Եվրոպայում էլ պլաստիկի վերամշակությամբ եւ արտադրությամբ զբաղվողները հիմնականում ոգեշնչված  եռանդուն երիտասարդներ են,- պատմում է Մարիաննան: -Սա, փաստորեն, փորձնական, երկարատեւ եւ փուլերով անցնող աշխատանք է. շատ անգամ ստացվում է արտադրանք, որն այնքան էլ լավը չէ եւ, հետեւաբար, նորից վերամշակման կարիք ունի»:

Ծրագրի հեղինակները նախատեսում են վերամշակված պլաստիկից ստանալ այնպիսի արտադրանք, որը կենցաղում երկար տարիներ կծառայի, օրինակ՝ աթոռներ, կահույքի պարագաներ, ծաղկամաններ եւ այլն: Ընդ որում, արտադրանքի բազմազանությունն ապահովելու համար հնարավոր է պլաստիկը համատեղել այլ նյութերի, օրինակ, փայտի կամ երկաթի հետ եւ հասնել անգամ մինչեւ զարդերի պատրաստման:


Precious Plastic-ի ֆեյսբուքյան էջը բացելուց հետո, պարզվել է, որ արդեն ձեւավորված է մարդկանց շրջանակ, որը պատրաստ է տեսակավորել աղբը եւ ունեցած պլաստիկը հանձնել վերամշակման: Այնուամենայնիվ, Մարիաննայի խոսքով, կայուն հումքի աղբյուր ունենալու համար դա բավարար չէ, ուստի բանակցություններ են վարում այնպիսի բիզնես ընկերությունների հետ, որտեղ պլաստիկի թափոններն առավել շատ են:

Լավատեսական հաշվարկներով, Precious Plastic-ի առաջին արտադրանքը պատրաստ կլինի մոտ կես տարուց, երբ կառուցված ու թեստավորված կլինեն բոլոր 4 սարքերը:

Նախատեսվում է, որ հաջողության դեպքում կլինի շարժական արհեստանոց, որը Երեւանից պարբերաբար կմեկնի գյուղական համայնքներ՝ սեփական փորձով այնտեղ կիսվելու եւ իրազեկման աշխատանքներ տանելու համար:

Արդյունքում, Մարիաննան վստահ է, որ առաջիկայում կունենան այնպիսի հարթակ, որը կմիավորվի արհեստավորների ավագ ու կրտսեր սերունդների ներկայացուցիչներին եւ կնպաստի գործարար կապերի հաստատմանը:

«Մենք ցանկանում ենք ստեղծել բարեհամբույր, ազնիվ եւ ստեղծագործ աշխատանքային միջավայր, որտեղ կգնահատվեն նոր գաղափարներն ու մոտեցումների բազմազանությունը»,- եզրափակում է Մարիաննա Միշոյանը։

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 10913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW