Երեւանյան լիճը՝ սմարթ լուծումների թիրախում

11.01.2018 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Զարգացման հիմնադրամ #Երեւանյան լիճ #Սոնա Թելունց
2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի զարգացման հիմնադրամն ամփոփեց «Ձեւափոխի՛ր» մրցույթի արդյունքները, որտեղ «Երեւանյան լիճ սմարթ պարկ» զբաղեցրեց երրորդ տեղը՝ արժանանալով 5000 դոլար մրցանակի: Մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ծրագրի համահեղինակ Սոնա Թելունցի հետ:

Խորհրդանշական երեկոն

Երեւանյան լճի բարեկարգման ծրագրի «մեղավորը» դարձավ խորհրդանշական երեկոն, երբ լճի հակառակ ափին հայտնված Սոնա Թելունցին եւ Զորի Մկրտիչյանին այնքան հմայեց այնտեղից բացվող տեսարանը, որ միանշանակ որոշեցին.  տարածքը պետք է բարեկարգվի:

«Ցանկացած եվրոպական քաղաքում կա կա՛մ գետ, կա՛մ ջրային տարածք, որը շատ գեղեցիկ է մատուցվում: Ինչո՞ւ ոչ՝ նման պոտենցիալ ունի նաեւ Երեւանյան լիճը»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է գաղափարի համահեղինակ Սոնա Թելունցը:  

Բացի այդ, նրանք նկատել են, որ տարբեր քաղաքներում փորձում են այգիները դասական՝ կանաչ գոտուց վերածել եկամուտ գեներացնող հարթակների: Իսկ նման հարթակների ստեղծման մեջ իր շահերն ունի թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը, եւ թե՛ համայնքը:


Գաղափարն ավելի իրատեսական հիմքերի վրա դնելու համար օգնության հասավ «Ձեւափոխի՛ր» մրցույթը: Մոտ երկու ամիս լճի շրջակայքն ուսումնասիրելուց, լուսանկարելուց, չափել-ձեւելուց հետո որոշեցին՝ հենց լճի տարածքի բարեկարգման ծրագրով էլ կմասնակցեն մրցույթին:

Ութը մեկում

Ծրագրի իրականացման համար ընտրվել է Երեւանյան լճին հարող 10 հա հարթ տարածքը՝ ռուսական եկեղեցու հարեւանությամբ:  

Առաջարկվում է նշված տարածքում հիմնել 8 թիրախային գոտի, այդ թվում՝ շահույթ հետապնդող օբյեկտներ եւ այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված են հանրության ակտիվության բարձրացմանը:

Մասնավորապես, նախատեսվում է լճի մակերեւույթի վրա «տեղադրել» շրջանաձեւ ապակեպատ ռեստորան, որտեղից 360 աստիճան տեսարան կբացվի քաղաքի վրա: Այգին կունենա նաեւ սպորտային գոտի, որտեղ վարձակալության կտրվեն տարբեր մարզասարքեր, ինչպես նաեւ բացօթյա աշխատանքային գոտի (co-working), ընտանեկան գոտի, դիտակետ՝ թռչունների թռիչքին հետեւելու համար, այսպես կոչված «ռոմանտիկ գոտի»՝ նախատեսված ֆոտոսեսիաների համար, իսկ այգու կենտրոնական հրապարակը կօգտագործվի փառատոնների եւ տարբեր բնույթի միջոցառումների համար: Լճի խիստ աղտոտվածության պատճառով՝ միակ ջրային ծառայությունը, որ հնարավոր է մատուցել, նավարկությունն է, որը կլինի հերթական թիրախային կետը:
 
«Պարտադիր չէ, որ բոլոր թիրախային կետերը եկամուտ հետապնդեն. կան կետեր, որ այցելու են բերում, կան կետեր, որ եկամուտ են բերում: Այսինքն, այգին դառնում է մի կենդանի օրգանիզմ»,- պարզաբանում է Սոնա Թելունցը:


Այս ամենին զուգահեռ՝ ծրագիրը նպատակ ունի լուծել բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ կրճատել Երեւանյան լճի՝ ահռելի չափերի հասնող աղտոտվածությունը: Բնապահպանների հետ խորհրդակցելուց հետո որոշել են լճի վրա «տեղադրել» այսպես կոչված լողացող հողակտորներ (floading wetland):

«Դա պլատֆորմ է, որը ջրի վրա լողում է, իսկ վրան բույսեր են աճում: Բույսերն արմատներով կլանում են ջրի վնասակար նյութերը եւ ֆոտոսինթեզի միջոցով հեռացնում դրանք: Դա նաեւ դեկորատիվ շատ գեղեցիկ տեսք ունի եւ թռչունների համար հանդիսանում է կերակրման գոտի»,- պարզաբանում է Սոնա Թելունցը:

Սմարթ լուծումներ

«Ձեւափոխի՛ր» մրցույթի երկրորդ փուլում Երեւանյան լճի եւ դրան հարող տարածքի բարեկարգման ծրագիրը որոշել են համալրել Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների սմարթ լուծումներով:

Իսկ դա նշանակում է, որ այգու ոռոգումը եւ լուսավորությունը պետք է իրականացվի սենսորների միջոցով: Դրանք կզգան հողի խոնավության չափը, տարածքում մարդկանց շարժը եւ ավտոմատ կերպով կանջատեն ոռոգումը կամ լուսավորությունը (բացառությամբ կենտրոնականի)՝ նվազեցնելով դրանց ծախսը:

Այգու սպորտային գոտին կզինվի ժամանակակից այնպիսի մարզական սարքավորումներով, որոնք մարզվելու ընթացքում այրած կալորիան վերածում են լուսավորության. Արդյունքում՝ այգու այս գոտին կարող է դառնալ էներգիայի աղբյուր:


Աշխատանքային գոտում էլ նախատեսվում է տեղադրել արեւային էներգիայով լիցքավորվող եւ անլար համացանցով ապահովված նստարաններ:

Բացի այդ, այգին կունենա իր մոբայլ հավելվածը, որը կօգնի օգտատերերին կողմնորոշվել այգու տարածքում, ինչպես նաեւ կծանոթացնի սպասվող միջոցառումների մասին: Իր հերթին այգու ղեկավարությունը, հավելվածի միջոցով կարող է հետեւել այցելուների շարժին եւ այգու հետագա մարկետինգը տանել անհրաժեշտ ուղղությամբ:

Ֆինանսավորում

Նախնական հաշվարկներով՝ Երեւանյան լիճ սմարթ պարկի իրականացման համար կպահանջվի $1,7 մլն ներդրում: Ընդ որում, թե ինչի վրա կծախսվի մրցույթում շահած 5000 դոլարը, թիմի անդամները դեռ չեն որոշել: Ըստ մրցույթի կանոնների՝ այն կարելի է տնօրինել սեփական հայեցողությամբ:

Սոնա Թելունցի խոսքով՝ սմարթ պարկի որոշ ճարտարապետական էսքիզներ իրենք արդեն ունեն, բայց դրանք ավարտուն տեսքի բերված չեն: Առաջիկայում՝ փաթեթային տեսք ստանալուց հետո, ծրագիրը կմտնի դրամահավաքի եւ ներդրողներ ներգրավելու փուլ: Իսկ ներդրումներ գտնելուց հետո կպահանջվի մոտ 4 տարի, որպեսզի բոլոր ծրագրի կետերը կյանքի կոչվեն:


Նախագծի հեղինակների պատկերացմամբ՝ ծրագրի ֆինանսավորումը պետք է ստանձնեն պետությունը կամ դոնոր կազմակերպությունները, որից հետո առանձին գոտիներ վարձակալության կտրվեն մասնավոր սեկտորին: Ծրագրի հեղինակները համոզված են, որ թիրախային 8 գոտիներից յուրաքանչյուրում կարող է իր հետաքրքրությունը գտնել ե՛ւ պետությունը, ե՛ւ մասնավոր հատվածը:

«Այգու կանաչապատում, լճի մաքրում եւ տուրիզմի զարգացում. այս երեք կետերով կարող է հետաքրքրված լինել պետությունը»,- նկատում է Սոնան՝ հավելելով, որ այգին կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն, միաժամանակ ստեղծել նոր աշխատատեղեր:  

Ինչ վերաբերում է այգուն ընդհանուր առմամբ, Սոնա Թելունցը նշում է, որ այն ավելի շուտ հիմնադրամի ֆունկցիա կկատարի եւ չի դառնա շահույթ հետապնդող կառույց:

«Այն կլինի հարթակ փոքր բիզնեսների համար. կան բիզնեսներ, որոնք ստանդարտ մոդելով են աշխատում, դրանցից, որպես վարձակալություն, այգին կստանա որոշակի գումար, որով կհոգա իր ադմինիստրատիվ կանաչապատումը պահելու ծախսերը»,- եզրափակում է Սոնա Թելունցը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 54722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW