Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հեղինակած «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման պատմության եւ բովանդակության մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է Սամվել Գեւորգյանի հետ: 14 տարվա «փորձարկում»Հայաստանում բիզնես գործունեություն վարելու մասին գիրք գրելու գաղափարը Սամվել Գեւորգյանի մոտ մեկ օրում չէ առաջացել: Դեռ 14 տարի առաջ, երբ Հայաստանում չկար բիզնեսի վերաբերյալ հայերեն գիրք, Սամվել Գեւորգյանը BSC-ի իր թիմի հետ սեփական ուսերին վերցրեց այդ պատասխանատու գործը: Դեռ 2003թ. «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» վերնագրով 60-էջանոց գիրքն այնքան մեծ արձագանք ստացավ, որ թիմը որոշեց շարունակություն տալ դրան: Մի քանի տարի անց դրան հաջորդեց առավել ծավալուն եւ արդեն կոմերցիոն նշանակություն ունեցող երկրորդ, ապա նաեւ՝ առավել ընդլայնված երրորդ հրատարակությունը: «2016թ. նոյեմբեր-դեկտեմբերին երրորդ հրատարակությունը տեղադրեցինք մեր կայքում՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է BSC-ի ղեկավարը: -Մեկ ամսվա ընթացքում այն ունեցավ 25 հազ. ներբեռնում, իսկ դա լուրջ թիվ է Հայաստանի համար: Դա մեզ համար ազդակ էր, որ 4-րդ գրքի անհրաժեշտությունն էլ կա»: 15 ամիս՝ նոր ձեռագրի համար Բիզնես սկսելու եւ այն վարելու մասին գրքի 4-րդ հրատարակության աշխատանքները սկսվել են 2016թ. հունիս-հուլիս ամիսներին եւ տեւել մոտ 15 ամիս: Այդ ընթացքում Սամվել Գեւորգյանը եւ BSC-ի թիմը նախապատրաստական մի քանի փուլ են անցել՝ գրքի կառուցվածքի մշակումից մինչեւ վերնագիր, բովանդակային աշխատանքներից ու հարցազրույցներից մինչեւ դիզայն: Լուսանկարը՝ BSC Գրքի դիզայնը մշակելու հարցում ներգրավել են Doping ընկերությանը: Առաջադրանքը հստակ էր. մշակել այնպիսի դիզայն, որը գրավիչ եւ համոզիչ լինի ցանկացած գործարարի (եւ ոչ միայն) համար:Հեղինակի խոսքով՝ այս հրատարակությունը նախորդ գրքերից տարբերվում է նրանով, որ շեշտը դրվում է ոչ միայն բիզնես սկսելու եւ կառավարելու, այլեւ այն զարգացնելու վրա: «Թե՛ նոր գլուխներ են ավելացել, թե՛ հին գլուխներն են թարմացվել, եւ այդ ամենը համեմվել է ամբողջովին հայկական օրինակներով»,- ասում է Սամվել Գեւորգյանը: Իր յուրօրինակ ձեռագրի շնորհիվ՝ գիրքը կարող է օգտակար լինել ոչ միայն սկսնակ եւ կայացած գործարարների, ձեռնարկատիրություն ուսումնասիրող ուսանողների ու դասախոսների համար, այլեւ պարզապես ընթերցասերների, այլ կերպ ասած՝ ընթերցողի ամենալայն շրջանակների համար: Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից՝ 2 տարբերակով. փափուկ եւ կոշտ կազմերով: Նախնական տպագրվել է 1100 օրինակ: Երկրորդ խմբաքանակը կտպագրվի մի քանի շաբաթ անց: Կառուցվածք. 4 մաս եւ 21+1 գլուխ«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը բիզնեսի մասին տեսություն կամ խորհուրդների հավաքածու չէ. այն յուրօրինակ զրույց-քննարկում է հեղինակի եւ ընթերցողի միջեւ: Լուսանկարը՝ BSC Նախորդների համեմատությամբ՝ գրքի կարեւոր առանձնահատկություններից է հենց ոճը՝ սկսած վերնագրից: Գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից (Մաս 1. Պլանավորի՛ր քո բիզնեսը, Մաս 2. Կազմակերպի՛ր քո բիզնեսը, Մաս 3. Կառավարի՛ր քո բիզնեսը, Մաս 4. Զարգացրո՛ւ քո բիզնեսը), 21+1 գլխից: Ընդ որում, յուրաքանչյուր գլխում առանձնացված են ենթավերնագրեր եւ այսպես կոչված նշաններ՝ «Խորհուրդ իմ կողմից», «Մտածի՛ր այս մասին», «Օգտակար գործիք»: 560-էջանոց գրքի բովանդակությունն ու գլուխներն այնպես են կառուցվել, որ օգտակար լինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչեւ վերջաբան, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, անդրադառնալ միայն առանձին գլուխների: «Մենք կառուցվածքն այնպես ենք հարմարեցրել, որ հեշտ լինի առանձին թեմաներ կարդալ, մեկին, օրինակ, հետաքրքրում է թվային մարքեթինգը, մյուսին՝ մարդկային ռեսուրսների կառավարումը եւ այլն,- ասում է Սամվել Գեւորգյանը: -Մյուս կողմից, այն ամբողջական ձեռնարկ է, որն օգտակար կլինի կարդալ սկզբից մինչեւ վերջ»:200 ընկերություն. «միսն ու արյունը»Գրքի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ դրանում բիզնես կատեգորիաներին «միս ու արյուն» են տալիս կոնկրետ օրինակները: Մասնավորապես, գրքում ներկայացված են մոտ 200 մեծ եւ փոքր, սկսնակ եւ արդեն զարգացման փուլում գտնվող հայկական ընկերությունների անցած ճանապարհն ու հաջողության պատմություններն ու օրինակները, ինչու ոչ՝ նաեւ ռիսկերն ու ձախողումները: «Օրինակ, երբ խոսում ենք ներդրումներ ներգրավելու մասին, որպես օրինակ բերվում է Volterman-ի պատմությունը, թե ինչպես դրամահավաքի միջոցով $1 մլն հավաքեցին, ինչպես ընթացավ այդ գործընթացը, մանրամասն նկարագրվում է՝ ինչից սկսեցին, ինչպես շարունակեցին եւ այլն»,- պատմում է գրքի հեղինակը: Լուսանկարը՝ BSC +1. վերջաբանի փոխարենԻ սկզբանե որոշվել էր, որ գիրքը չպետք է ունենա վերջաբան, սկզբունքային հարց էր: «Գիրքն արդեն պատրաստ էր, նկարեցի ձեռագիր տարբերակը, տեղադրեցի Facebook-ում եւ LinkedIn-ում: Բայց կարճ ժամանակ հետո հասկացա, որ ինչ-որ բան պակաս է, թե ինչ՝ դեռ չէի պատկերացնում»,- պատմում է Սամվել Գեւորգյանը: Գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշել են, որ գիրքը պետք է ունենա ոչ թե վերջաբան, այլ առանձին գլուխ՝ «Վերջաբանի փոխարեն կամ քո առաջին պայմանագիրը»:«Դա ավելի շուտ մոտիվացնող գլուխ է այն մասին, որ եկել է ինքնակազմակերպվելու ժամանակը, գործելու ժամանակը, առաջնորդ դառնալու, նորարար լինելու ժամանակը... ու ամեն ենթագլխում բացատրում եմ՝ ինչու եմ կարծում, որ, օրինակ, Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է»,- պատմում է BSC-ի ղեկավարը:Վերջին հատվածում՝ «Քո առաջին պայմանագիրը կնքելու ժամանակն է», Սամվել Գեւորգյանն առաջարկում է պայմանագիր կնքել իր հետ. եթե համաձայն ես, որ եկել է վերոշարադրյալի ժամանակը, դի՛ր ստորագրությունդ հեղինակի ստորագրության կողքին, կնքի՛ր առաջին պայմանագիրդ եւ անցի՛ր գրքի առաջին մասին: Հակառակ դեպքում՝ գիրքը կարող ես նվիրել ընկերոջդ: Լուսանկարը՝ BSC Դրանից հետո վերանայվել է նաեւ գրքի դիզայնը. հենց կազմի վրա ավելացրել են՝ «21+1.Գիրք. որը սկսվում է վերջաբանով»: Լուսանկարը՝ BSC Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը Tweet Դիտում՝ 19890