Արթուր Բադալյան. Հայ-ռուսական ֆոնդը կմշակի երկկողմ գրավիչ ծրագրեր

21.03.2017 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Oրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության եւ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի միջեւ ստորագրվել էր համաձայնագիր, որով ազդարարվել էր հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումը։

Ֆոնդի ստեղծման նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա սկզբին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների մոսկովյան քննարկումների արդյունքում՝ հայկական կողմի առաջարկով:

Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի մեկնարկային ծրագրերի շուրջ Banks.am-ը զրուցել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի հետ:

- Պրն Բադալյան, ինչո՞վ էր պայմանավորված ձեր ընկերության ներգրավվածությունը հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման հարցում:

- ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի միջեւ ս.թ. մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում է որոշվել, որ հենց «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ որպես պետական ֆինանսական կազմակերպություն, պետք է լինի համատեղ ներդրումային հարթակի հայկական կողմ:

Մարտի 15-ին ստորագրված փաստաթղթով եկել ենք համաձայնության համատեղ ներդրումային հարթակ ստեղծելու վերաբերյալ, որի շրջանակում կստեղծվի առանձին «հայ-ռուսական ներդրումային ֆոնդ», ինչպես նաեւ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի կողմից ուղիղ ներդրումներ կիրականացվեն ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտների ներդրումային ծրագրերում:

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որ ստեղծվել է ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի որոշմամբ եւ գործունեություն է ծավալում 2009թ. օգոստոսի 7-ի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, նպատակ ունի նպաստելու ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների եւ ՀՀ մարզերի համաչափ զարգացմանը:

«ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունն այս համաձայնագրի շրջանակում կշարունակի իրագործել իր գործառույթները` արդեն ավելի լայն հնարավորություններով:

Այս տարիներին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործընկերներ են հանդիսացել Եվրոպական ներդրումային բանկը, որի հետ համագործակցում ենք «Գերմանահայկական ֆոնդ» ծրագրի կառավարման գրասենյակի միջոցով,   «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ը՝ «Ջրից դեպի շուկա» ծրագրով, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD)` ՀՀ կառավարությանն առընթեր գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի միջոցով, ինչպես նաեւ շարունակական աշխատանքներ ենք տանում եւ բանակցություններ ենք վարում միջազգային նոր գործընկերներ ունենալու ուղղությամբ, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկի, Չեխական արտահանման բանկի եւ այլ կազմակերպությունների հետ:

- Ուշագրավ է, որ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ն իր բոլոր գործարքներում հանդես է գալիս համաներդրողի կարգավիճակով՝ խոշորագույն միջազգային ներդրողների հետ համատեղ: Ստացվում է՝ մեր սպասումները միայն ռուսական կապիտալի հետ չեն կապված:    

- Մեր սպասումներն ի սկզբանե ռուսական կապիտալի հետ են կապված` հետագայում ընդլայնվելու հնարավորությամբ: Ստորագրված փաստաթղթով կստեղծվի առանձին հայ-ռուսական ներդրումային ֆոնդ, ինչպես նաեւ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի կողմից ուղիղ ներդրումներ կիրականացվեն ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտների այն ներդրումային ծրագրերում, որոնք նախապես կարժանանան նաեւ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի հավանությանը:

Մտադիր ենք մշակել երկկողմ ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացմանը եւ տնտեսական ինտեգրմանը:

«Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ը ստեղծվել է 2011թ. ՌԴ նախագահի եւ վարչապետի նախաձեռնությամբ: Համագործակցում է միջազգային խոշոր ներդրողների հետ ինչպիսիք են, օրինակ, Մետաքսի ճանապարհի չինական ֆոնդը, ԱՄԷ-ի «Մուբադալա» սուվերեն ֆոնդը, Հնդկաստանի պետական բանկը, Եգիպտոսի ներդրումների նախարարությունը եւ այլն: «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ը հեղինակավոր ներդրումային ֆոնդ է ՌԴ գործարար միջավայրում:

- Ի՞նչ մեկնարկային քայլեր եք նախատեսում անել Ձեր գործընկերոջ հետ: Ռուսական կողմը՝ ֆոնդը, բավարար պատկերացում ունի՞ արդյոք Հայաստանի տնտեսական զարգացումների մասին, թե՞ ամեն ինչ պետք է սկսել նոր տողից:

- Ներկայում Հայաստանի տնտեսության գործարար հատվածին իրազեկում ենք այս հնարավորության մասին, որին հաջորդելու է արդեն ստացված ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունը, վերլուծությունը, այնուհետ` ֆինանսավորման հնարավորությունը:

Ռուսական կողմը, հանդիսանալով Հայաստանի խոշոր տնտեսական գործընկերներից մեկը, կարծում եմ՝ լավ պատկերացում ունի մեր տնտեսության մասին, իսկ համատեղ ներդրումների հարթակում ներդրումային ծրագրերի բազմակողմանի ուսումնասիրության մասը դրվելու է մեզ վրա:

- Շեշտը դրվելու է գործո՞ղ բիզնեսներում ներդրումներ կատարելու, թե՞ նոր նախագծերի ֆինանսավորման վրա: Այս առումով որքանո՞վ իրատեսական եք համարում սկզբնական փուլում ռուսական ֆոնդի ներգրավվածությունը ՀՀ ներդրումային հարթակում ներկայացված նախագծերում:

- Շեշտը դրվելու է իրատեսական եւ փոխշահավետ ներդրումային ծրագրերի վրա, որոնք նաեւ գրավչություն կապահովեն իրենց եկամտաբերությամբ: Չենք տարանջատի` սկսնակ, թե գործող ընկերություններ կլինեն:

Բնականաբար, որպես ոլորտի մասնագետ, կարող եմ փաստել, որ գործող ընկերություններն ավելի քիչ ռիսկայնություն են պարունակում եւ կանխատեսում անելու ավելի մեծ հնարավորություն են ընձեռում:

- Որո՞նք են լինելու ներդրումային համագործակցության առաջնահերթությունները՝ ոլորտային առումով եւ, միաժամանակ, ամրագրո՞ւմ է արդյոք համաձայնագիրը ներդրումների ծավալի սահմանափակում՝ յուրաքանչյուր նախագծի համար:
 
 - Առաջնահերթություններ տրվելու են երկու երկրների համար համատեղ տնտեսական շահ հետապնդող ծրագրերին՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Համատեղ ներդրումային հարթակը կоգտագործի երկու կողմերի փորձն ու ռեսուրսները՝ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի՝ ներդրումներ իրականացնելով այն ընկերություններում, որոնք ուղղված կլինեն երկու երկրների միջպետական եւ ազգային տնտեսական շահերի բարելավմանն ու ամրապնդմանը:

Ներդրումների ծավալի սահմանափակումներ չեն նախատեսվում:

Արթուր Բադալյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 20426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo