Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը Banks.am-ին է տրամադրել իր հեղինակած հոդվածը, որում անդրադառնում է ներքին աուդիտի եւ կառավարման մարտահրավերներին եւ դրանց լուծման ուղիներ առաջարկում:Ներքին աուդիտով սկսել եմ զբաղվել 1999-ից, երբ Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության վարչությունից տեղափոխվեցի ԿԲ վերստուգիչ խումբ՝ Հայաստանում առաջին ներքին աուդիտ, որը ստեղծվել էր 1996-ին: Մինչեւ 2002թ. մենք մեկուսացման մեջ էինք աշխատում՝ Ներքին աուդիտի ստանդարտների մասին տեղյակ չէինք: Նոր ղեկավարի հետ նոր շունչ եկավ, եւ սկսեցինք ուսումնասիրել, թե աշխարհում ինչ է կատարվում: Այսօր Ներքին աուդիտի միավորներ ունենք բոլոր բանկերում եւ ապահովագրական ընկերություններում, ինչը ԿԲ պահանջ է 2005-ից, ինչպես նաեւ հանրային հատվածում, ինչն էլ միջազգային կառույցների օժանդակությամբ մշակված օրենքի պահանջ է՝ սկսած 2013-ից: Ուրախությամբ կարող եմ նշել, որ Ներքին աուդիտի կայացած միավորներ ունենք այնպիսի ընկերություններում, որոնք օրենսդրությամբ պարտադրված չեն դրանք ունենալ: Ընդհանուր առմամբ, մեր ասոցիացիան (ՆԱԻ-Հայաստան) ներկայումս ունի 177 անդամ՝ 60 կազմակերպությունից, եւս մոտ 250 ներքին աուդիտորներ աշխատում են մոտ 100 պետական եւ տարածքային կառավարման մարմիններում:Այնուամենայնիվ, Ներքին աուդիտի զարգացման աստիճանը վերոնշյալ բոլոր տեղերում խիստ տարբեր է, ինչպես եւ Հայաստանի շատ այլ ոլորտներում: Ունենք միջազգային լավագույն փորձին եւ ստանդարտներին համապատասխան աշխատող կառույցներ, որոնց կողքին հանդիպում են այնպիսինները, որոնք միայն կոչվում են «Ներքին աուդիտ»: Ստորեւ փորձել եմ առանձնացնել այն մարտահրավերները, որոնց հաղթահարումը թույլ կտա ավելի զարգացած ներքին աուդիտ եւ ընդհանրապես կառավարման մշակույթ ձեւավորել: Դրանք բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլեւ մեր տարածաշրջանին ավելի լայն իմաստով՝ սկսած Արեւելյան Եվրոպայից, վերջացրած միջինասիական երկրներով, եւ պայմանավորված են, առաջին հերթին, կառավարման մշակույթով:Մարտահրավեր 1. Միանձնյա կառավարման մշակույթ Ղեկավարը միշտ ճիշտ է եւ գիտի բոլոր հարցերի պատասխանները, նրան չի կարելի հակաճառել, նրա ասածները քննարկման ենթակա չեն: Միանձնյա կառավարման մշակույթը լայն տարածում ունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում, լինի նախարար, թե մարզպետ, սեփականատեր, թե տնօրեն: Ընդ որում, այդ համակարգը կասկադի պես իջնում է ներքեւ, յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ղեկավարը միանձնյա որոշումներ է կայացնում: Այս դեպքում ներքին աուդիտը դիտարկվում է կա՛մ որպես խոչընդոտ, կա՛մ զուտ որպես ստուգող գործիք՝ առանց սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն: Այն կազմակերպությունները, որոնք գնացել են որոշումների կայացման կոլեգիալ մոտեցման, կարողացել են բարելավել կառավարման մշակույթը: Մարտահրավեր 2. Պատասխանատվությունից խուսափելու մշակույթՂեկավարը գիտի բոլոր հարցերի պատասխանները, թող ինքն էլ պատասխանատվություն կրի: Այս մշակույթն ածանցյալ է միանձնյա կառավարումից, ինչի արդյունքում ենթակաները խուսափում են պատասխանատվություն վերցնել եւ որոշում կայացնել: Հաճախ ղեկավարները բողոքում են, որ աշխատակիցները խուսափում են ստանձնել պատասխանատվություն՝ մոռանալով, որ բավարար ջանք չեն գործադրել նախաձեռնողականություն խրախուսելու համար: Այս մշակույթը փոխելը ժամանակ է պահանջում, քանի որ շատերը կարծիք արտահայտելու հնարավորություն ստանալիս չեն շտապում մասնակից դառնալ ընդհանուր գործին, դա մարդանց մեջ դաստիարակել է պետք: Այսօրվա տեղեկատվական տարափի մեջ շատ կարեւոր է բոլոր կարող մարդկանց ներդրումը, եւ ներքին աուդիտն այստեղ խթանող դեր կարող է խաղալ:Մարտահրավեր 3. Ամոթի մշակույթ «Ես մեղավոր չեմ» ասում է երեխան, երբ ինչ-որ բան է կոտրում, «մեզ մոտ ռիսկեր չկան» ասում է ղեկավարը, երբ ներքին աուդիտորը հարցնում է իրենց գործընթացներին հատուկ ռիսկերի մասին: Մարդն անսխալական չէ, իսկ ցանկացած գործընթաց իրեն հատուկ ռիսկերն ունի, սակայն հաճախ մարդիկ չեն ցանկանում ուշադրության կենտրոնում հայտնվել իրենց խնդիրներով: Նրանք կարծում են, որ եթե իրենց խնդիրների մասին չբարձրաձայնեն, իրենց վրա խոսակցություն չի գա՝ չգիտակցելով, որ ռիսկերը կանխավ չզսպելով՝ մի օր լուրջ խնդրի առաջ կկանգնեն: Մենք ունենք գործընկերներ, որոնք ամեն տարի մեզ դիմում են կրկին աուդիտ անցնելու խնդրանքով, որպեսզի նոր ռիսկեր բացահայտենք եւ լուծումներ գտնենք միասին: Սա է առողջ մոտեցումը եւ ինքնազարգացման ճանապարհը:Մարտահրավեր 4. Կանոնների մշակույթԱյսինչ օրենքի կամ կանոնակարգի այս կետում այսպես է գրված, չի կարելի խախտել: Միջազգային ստանդարտները, որոնք մենք անկախացումից հետո թարգմանում եւ ընդունում ենք, որպես կանոն, հիմնված են սկզբունքների վրա: Այնուամենայնիվ, հաճախ այդ սկզբունքները դարձնում ենք օրենքի կամ կանոնակարգի իմպերատիվ նորմ եւ վերածում կանոնի: Արդյունքում մոռանում ենք սկզբունքը, թե ինչի համար է ստանդարտը մշակվել եւ կառչում այն կանոնից, որին վերածել ենք սկզբունքը: Տարբեր միջազգային ստանդարտների հիմնարար սկզբունքներից է ձեւի նկատմամբ բովանդակության գերակայությունը, սակայն հաճախ մենք ձեւին ենք ուշադրություն դարձնում: Այստեղ գիտակցության փոփոխություն է պետք, ինչն արմատացած է նաեւ մեր կրթական համակարգում:Մարտահրավեր 5. Կրթական մշակույթՇատերը կհիշեն, որ մեր ուսումնառության տարիներին կարեւոր դեր ունեին կուրսի այն աղջիկները, որոնք լեկցիա էին գրում: Մենք այդ սղագրություններն այնուհետեւ պատճենում էինք եւ սերտում, որպեսզի քննություն հանձնեինք: Ես այդ պատճենները երկար ժամանակ պահում էի ավարտելուց հետո, մի օր հասկացա, որ երբեք չեմ օգտագործում դրանք եւ դեն նետեցի: Մեր կրթական համակարգը մտածել սովորեցնելու փոխարեն հաճախ հիշել է պարտադրում: Որպես հետեւանք՝ ուսանողներն էլ ակնկալում են, որ իրենց գլուխների մեջ գիտելիք պետք է լցնես, ոչ թե իրենք քեզնից պետք է սովորեն մտածել եւ ուղղություններ ստանան: Նրանք, ովքեր ավանդական կրթությունից հետո գնում են ժամանակակից կրթություն ստանալու, լինի դա համալսարանական, թե մասնագիտական, կատարում են այդ անցումը:Մարտահրավեր 6. Ստուգողի սինդրոմ (մշակույթ)Ստուգողը միշտ ճիշտ է, իսկ լավ ստուգողը միշտ թերություն կգտնի: Շատերը ձգտում են դառնալ տեսուչ (հարկային կամ մաքսային կամ էլ ՃՈ), վերահսկող, ստուգող, «ռեվիզոր», քանի որ դա իրենց լծակ է տալիս եւ ուրիշների սխալների հաշվին ինքնադրսեւորվելու հնարավորություն: Նույնիսկ եթե կոռուպցիոն դրսեւորումներ չկան, միեւնույնն է՝ ստուգողն իր դերը տեսնում է թերություններ հայտնաբերելու մեջ՝ հաճախ օրենքի տառի խախտման տեսքով: Ներքին աուդիտը բացարձակապես այլ մշակույթ է՝ ուղղված ռիսկերի բացահայտմանը եւ զսպմանը: Հետաքրքիր է, որ մի շարք արեւելաեվրոպական լեզուներում եւ նույնիսկ գերմաներենում «աուդիտ» բառ չկա, եւ նրանք փոխարենն օգտագործում են «ռեվիզիա» բառի համարժեքները, ինչը խիստ սահմանափակում է աուդիտ բառի իմաստը: «Աուդիտ» բառը թարգմանելու բոլոր փորձերը բերում են դրա իմաստի սահմանափակման, թյուրըմբռնման եւ աղավաղման: Այստեղ հաճախ նաեւ տեսնում ենք, որ նախկին ստուգողներին ներքին աուդիտոր դարձնելու փորձերը սովորաբար ձախողվում են: Լուծումը նոր սերնդի, նոր կրթության, նոր մոտեցումների մեջ է:ՆԱԻ-Հայաստանը (www.iia.am) Գլոբալ Ներքին աուդիտորների ինստիտուտի լիիրավ անդամ է 2015-ից՝ հանդիսանալով ԱՊՀ տարածքում երեքից մեկը (մյուս երկուսը՝ ՆԱԻ-Ռուսաստան եւ ՆԱԻ-Ուկրաինա): Tweet Դիտում՝ 182109