Яндекс.Такси-ն մուտք է գործում հայաստանյան շուկա

08.04.2016 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Առաջիկայում հայաստանյան օնլայն տաքսի ծառայությունների շուկա մուտք կգործի նոր խաղորդ` Яндекс.Такси-ն: Հայաստանում ընկերության ծրագրերի շուրջ Banks.am-ը զրուցել է Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայայի հետ:

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր որոշումը` մուտք գործել հայաստանյան շուկա, եւ ե՞րբ է այն նախատեսված: Ծառայությունները մատուցվելու են անմիջապես Ձե՞ր կողմից, թե՞ աշխատելու եք ֆրանչայզինգային գործընկերոջ միջոցով:

- Яндекс.Такси-ն Ռուսաստանի խոշորագույն օնլայն տաքսի ծառայությունն է: Այն աշխատում է ՌԴ 15 քաղաքներում եւ Մինսկում: Մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով են նաեւ ԱՊՀ երկրները:  

Ծառայությունները մատուցվելու են անմիջապես մեր կողմից, դրանց մեկնարկը նախատեսվեծ է մոտ 1 ամսից:

-  Աշխատելու եք Հայաստանի ամբո՞ղջ տարածքում, թե՞ միայն Երեւանում:

- Սկզբնական շրջանում մեր ծառայությունը կգործարկենք միայն Երեւանում, իսկ հետագայում նախատեսում ենք ներառել այլ քաղաքներ:

- Ենթադրում ենք, որ մինչ որոշում կայացնելը տեղական շուկայի այս հատվածի խոր ուսումնասիրություն եք կատարել. ի՞նչ եզրահանգման եք եկել:

- Տաքսի ծառայությունների շուկան Հայաստանում խիստ սեգմենտավորված է, գործում են բազմաթիվ ընկերություններ, բացակայում են որակի միասնական չափանիշներ ու ընդհանրացված սակագներ: Չկան նաեւ միջազգային չափանիշներին համապատասխանող օնլայն տաքսի ծառայություններ:  

- Հայաստանում արդեն իսկ գործում են օնլայն պատվերով մի քանի տաքսի ծառայություններ. որո՞նք են Ձեր ընկերության մրցակցային առավելությունները եւ դիտարկո՞ւմ եք արդյոք տեղական ընկերությունները գնելու հնարավորությունը:  

- Яндекс.Такси-ն փոխադրող ընկերություն չէ եւ չունի իր սեփական ավտոմեքենաները: Մեր աշխատանքի ձեւաչափը ենթադրում է գործընկերություն տեղական ընկերությունների (ավանդական տաքսի ծառայությունների) հետ՝ հաճախորդին առավել մոտ գտնվող վարորդների միջեւ պատվերների բաշխման միջոցով: Դրա հաշվին մենք նվազագույնի ենք հասցնում ավտոմեքենայի` հաճախորդին մոտենալու ժամանակահատվածը, ինչպես նաեւ առանց ուղեւորի վազքը եւ վառելիքի ծախսը: Մոսկվայում Яндекс.Такси-ն  հաճախորդին է մոտենում  ընդամենը 4 րոպեում՝ դա ռեկորդային ցուցանիշ է ՌԴ մայրաքաղաքի համար:

Ինչ վերաբերում է շուկայում գործող օնլայն ծառայություններին, ապա մենք դիտարկում ենք դրանք գնելու հնարավորությունը:

- Ի՞նչ պահանջներ են ներկայացվելու վարորդներին, եւ պարտադի՞ր է արդյոք լինելու համապատասխան լիցենզիայի առկայությունը:

- Яндекс.Такси-ն գործակցում է միայն օրինական փոխադրողների հետ՝ տաքսի ծառայություն մատուցելու պաշտոնական թույլտվությունը պարտադիր պայման է մեզ համար: Այդ թույլտվությունը ներառում է վարորդական փորձի, առողջական վիճակի եւ այլ պահանջներ:  

Միաժամանակ, մեզ համար կարեւոր է, թե ինչ վարորդներ են սպասարկելու մեր հաճախորդներին, այդ իսկ պատճառով ընկերությունն ունի վարորդների գնահատման եւ վարկանշավորման սեփական համակարգը: Յուրաքանչյուր ուղեւորությունից հետո հաճախորդին առաջարկվում է գնահատել վարորդին 5-բալանոց սանդղակով (1-ից 5 աստղ) եւ թողնել իր կարծիքը: Դրա հիման վրա կազմվում է վարորդի վարկանիշը: Որքան վարկանիշը բարձր է, այնքան մեծ է տվյալ վարորդի՝ նոր պատվեր ստանալու հնարավորությունը: Ցածր վարկանիշով վարորդների հետ մենք այլեւս չենք համագործակցում:  

- Որքանով մեզ հայտնի է, Դուք նախատեսում եք գանձել պատվերի արժեքի 10%-ը: Ձեր կարծիքով՝ այս պայմանը դեմպինգային չէ՞:

- Միջնորդավճարի եւ դրա չափի մասին խոսելը դեռեւս վաղ է: Երբ մենք նոր ենք սկսում աշխատել քաղաքում, միջնորդավճար ընդհանրապես չենք գանձում:

- Հայաստանում հաճախորդներին կառաջարկվի ավտոմեքենաների նույն տեսականի՞ն, որը գործում է Մոսկվայում:

 - Սկզբնական փուլում կառաջարկենք «էկոնոմ» եւ «կոմֆորտ» դասի ավտոմեքենաներ: Ժամանակի ընթացքում կընդլայնենք տեսականին: Մոսկվայում, օրինակ, Яндекс.Такси-ով կարելի է պատվիրել մինիվեն, մանկական աթոռով կամ հեծանիվ տեղափոխելու հարմարությունով ավտոմեքենաներ:  

- Մտադի՞ր եք տեղայնացնել Яндекс.Такси-ի հավելվածը հայկական շուկայի համար: Միաժամանակ, հնարավորություն կլինի՞ փոխկապակցելու հաճախորդների բանկային քարտը հավելվածին:

- Яндекс.Такси-ի ինտերֆեյսը պարտադիր կթարգմանվի հայերեն, ինչպես նաեւ կստեղծվի հաճախորդների եւ վարորդների աջակցության ծառայություն՝ հայերենով: Սակայն այս ամենը միանգամից չի արվի: Մեկնարկային փուլում հավելվածը կլինի ռուսերեն եւ անգլերեն:

Անկանխիկ վճարման հնարավորությունը մեր աշխատանքի կարեւորագույն մասն է, որը ծառայությունը դարձնում է հարմար, իսկ վճարումները`թափանցիկ: Մեկ անգամ փոխկապակցելով բանկային քարտը մեր ծառայությանը` ուղեւորն այլեւս կարիք չի ունենա ներկայացնել այն ուղեւորության ընթացքում: Հաշվիչի գումարը դուրս է գրվում ավտոմատ կերպով: Մենք ցանկանում ենք գործարկել ծառայությունը՝ միանգամից քարտով վճարում կատարելու հնարավորությամբ:

Դիտում՝ 55489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW