Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգեւատրել է առեւտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդներին

10.07.2014 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն այսօր պարգեւատրել է 2013-ի ընթացքում առեւտրի ֆինանսավորման ոլորտի չորս լավագույն  հաճախորդներին:

Մրցանակները հանձնել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը` նշելով, որ բանկն աշխատում է լավագույն լուծումներ գտնել իր հաճախորդների համար:

Թվով հինգերորդ տարին իրականացվող մրցանակաբաշխության «Միջազգային առեւտրի մրցանակ» անվանակարգին այս տարի արժանացել է «Դերժավա-Էս» խումբը, որը հանդիսանում է «Mars», «Wrigley», «Colgate» եւ «Palmolive» բրենդերի արտադրանքի միակ ներմուծողն ու տարածողը Հայաստանում:

«Լավագույն նորեկ հաճախորդ» անվանակարգում մրցանակ է ստացել «Յուքոմ» ՍՊԸ-ն, որը ցանցի արդիականացման եւ ծառայությունների ընդլայնման համար շարունակաբար ներդրումներ է իրականացնում` օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի-ի ֆինանսական գործիքներից եւ   ներգրավելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի այլ գրասենյակներ:

«Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակին» արժանացել է «Առողջ սունկ» ՍՊԸ-ն, որին պատկանում է սունկի հայաստանյան շուկայի 80% եւ Վրաստանի շուկայի 90%  մասնաբաժինը: Ընկերությունն երկու երկրներում էլ օգտվում է Էյչ-Էս-Բի-Սի բանկի ֆինանսական գործիքներից` գույքի եւ սարքավորումների կապիտալ ներդրումների նպատակով:

Բանկի «Գրան Պրի» մրցանակին արժանացել է «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն, որն ունի առեւտրի ֆինանսավորման ծառայությունների ամենաընդգրկուն պորտֆելն ու համարվում է  լավագույն բանակցող ընկերությունը: Այն կիրառում է առեւտրի ֆինանսավորման բազմաթիվ գործիքներ` օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի բանկերի ծառայություններից եվրոպական եւ ասիական շուկաներում:

«Մեր բանկի աշխարհագրական ընդգրկումը մեզ համար հասանելի է դարձնում համաշխարհային առեւտրի 77%-ի սպասարկումը: Յուրաքանչյուր րոպե Էյչ-Էս-Բի-Սի-ն իրականացնում է $1 մլն-ի առեւտրային գործարք, իսկ շուրջ 5800 մասնագետներ պատրաստ են օգնել հաճախորդներին իրականացնել իրենց առեւտրային գործարքներն աշխարհի ավելի քան 60 երկրներում»,- ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առեւտրային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը նշել է, որ «առեւտրի ֆինանսավորման գործիքը թույլ է տալիս գործարարներին իրենց շրջանառու, ինչպես նաեւ հիմնական միջոցների ներդրումները ծախսային մասով կրճատել, նվազեցնել ռիսկերը»: Նրա փոխանցմամբ, վերոնշյալ գործիքը թույլ է տալիս մինչեւ երկու անգամ կրճատել ծախսերը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանի փոխանցմամբ, առեւտրի ֆինանսավորման ոլորտում 2013թ. ընդհանուր ծավալային մասով բանկն ունեցել է 14% աճ` համեմատած 2012 թ-ի հետ, իսկ եկամտի աճը կազմել է 11%:

«2014թ. առաջին վեց ամիսներին նույն ոլորտում ծավալային մասով ունեցել ենք 150% աճ, իսկ փաստաթղթային ակրեդիտիվի մասով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկը գնացել է 300% աճ»,- ասել է Կամո Մարգարյանը:

Դիտում՝ 3099
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW