Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն այսօր հայտնել է, որ բաց երկնքի քաղաքականությունը տարեկան կարող է առնվազն 1,5% ՀՆԱ աճ ապահովել Հայաստանին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արման Խաչատրյանն այս մասին հայտնել է լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ` ներկայացնելով Հայաստանում կայուն եւ մրցունակ ավիափոխադրումների իրականացման ուղին, դրա օգուտներն ու տնտեսական զարգացման հեռանկարները:Նրա փոխանցմամբ, բաց երկնքի քաղաքականությունը կապահովվի $300-400 մլն-ի չափով ՀՆԱ աճ, կստեղծվի 18-23 հազար նոր աշխատատեղ օդագնացության եւ զբոսաշրջության ոլորտում, կապահովի ուղեւորների թվի 20-25% աճ եւ կհանգեցնի տոմսերի միջին գնի 10-50% նվազման:«Հայաստանը բավական հետաքրքիր է արտերկրյա փոխադրողների համար, ներկայումս մեկ տասնյակ փոխադրողների հետ բանակցություններ են ընթանում: Շուկայում գործող ընկերությունների կողմից արդեն իսկ նկատվում է փոխադրման հաճախականության բարձրացում»,- ասել է Արման Խաչատրյանը:Նա նշել է, որ բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է ամբողջական ազատականացում, որն ազատության բազմակողմանի իրավունքներ կտրամադրի հետաքրքրված բոլոր փոխադրողներին, կկատարվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կստեղծվի տեղական ընկերությունների արտոնագրման համակարգ, ինչպես նաեւ «պետություն – մասնավոր հատված» (ՊՄՀ) խթանման ֆոնդեր: Կառավարությունը կաջակցի բարեփոխումների արագ եւ արդյունավետ իրականացմանը, մասնավոր հատվածը` ՊՀՄ խթանման հիմնադրամի ստեղծմանը, “Զվարթնոց” օդանավակայանը հանդես կգա որպես գործընկեր` իրականացնելով ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, իսկ միջազգային կառույցները կտրամադրեն բարեփոխումների արագ եւ արդյունավետ իրականացման տեխնիկական եւ գործառնական աջակցություն: Tweet Դիտում՝ 4150