«Խաղողը կյանք է». խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

28.11.2013 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդեն չորրորդ տարին անընդմեջ «Ամերիա» ընկերությունների խումբը միավորում է գործարար աշխարհի ներկայացուցիչներին` ֆինանսական ու բարոյական համատեղ աջակցությամբ հանդես գալու այն մանուկներին, որոնք գոյության ամենօրյա դժվարին պայքար են մղում:

Այս անգամ՝ խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես եւ աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ եւ արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից:

Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ է բերվել Հայաստան: Մասնավորապես, կներկայացվեն՝ 70 տարեկան «Արարատ Նոյան Տապան» կոնյակ,  5 լիտր 2008թ. Pian dell Vigne, 6 լիտր 2010թ. Tignanello, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, 2005թ. Cristal Rose Vintage եւ այլ յուրահատուկ խմիչքներ:

«Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող աճուրդն իր շուրջն է հավաքել մի շարք հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների, հմուտ ու հանրաճանաչ մասնագետների: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան աշխարահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից եւ խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:

Աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, եւ ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ եւ հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

Գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում եւ «Էխո» հ/կ-ում գրանցված 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում եւ դրամական օգնության խիստ կարիք ունեն:

Կենսունակության աստվածաշնչյան խորհուրդը կրող խաղողը կդառնա դեկտեմբերի 6-ին կայանալիք բարեգործական աճուրդի խորհրդանիշը, որն արեւի ջերմությունը եւ հողի կենսական էներգիան կփոխանցի այն մանուկներին, որոնց համար կյանքը երազանք է:

«Ամերիա» ընկերությունների խումբը կոչ է անում համախմբվել եւ միասին իրականություն դարձնել փոքրիկների երազանքը: Այն բոլոր անհատները եւ կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարը փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

Դիտում՝ 1787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW