Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ահազանգել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը եւ մաքսատուրքի հնարավոր բարձրացումը կարող է «սարսափելի հետեւանքներ» ունենալ:Հրանտ Բագրատյան այսօրվա ասուլիսում ասել է, որ Հայաստանը կորցնելու է իր տնտեսական սուվերենությունը թե Մաքսային միությանը անդամակցելու եւ թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում: Նախկին վարչապետն ասել է, որ «երկու դեպքում էլ գործ ունենք միասնական մաքսային սակագների հետ, որոնք Հայաստանին կզրկեն մաքսատուրք սահմանելու իրավունքից»: Հրանտ Բագրատյանն ասել է, որ եթե այսօր ծխախոտի եւ խմիչքի մաքսատուրքը Հայաստանում կազմում է մոտ 7 տոկոս, ապա Մաքսային միությունում այն 15 տոկոս է: Անդրադառնալով Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ջատագովների փաստարկներին, Հրանտ Բագրատյանն ասել է. «Դուք ուզում եք, որ ռուսները ծախս անեն, ապահովեն սահմանների անվտանգությունը, իսկ Եվրոպան տնտեսական կայֆե՞ր անի Հայաստանում: Դա բացառվում է»: Հրանտ Բագրատյանը կանխատեսել է, որ մի քանի տարի անց Մաքսային միությունը` դժգոհ լինելով իր տնտեսական ցուցանիշներից, ստեղծելու է միասնական արժութային համակարգ: «Դա լինելու է կամ միասնական արժույթի, կամ ռուսական ռուբլու տեսքով: Երկու դեպքում էլ ՀՀ Կենտրոնական բանկը կկորցնի իր կարգավորիչ գործառույթների մեծ մասը»,- նկատել է ՀՀ նախկին վարչապետը: Tweet Դիտում՝ 1277