Երեւան: Մեդիամաքս: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանն այսօր ասել է, որ մինչեւ 2017 թ. նախատեսվում է ավարտին հասցնել Տաթեւի վանական համալիրի վերանորոգումը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Արեն Ափիկյանն ասել է, որ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները, կատարվում են ինժեներային հետազոտություններ, վանքի պատերի մակերեսների լազերային սքանավորում: «4 տարի անց՝ 2017 թվականին Տաթեւի վանքը կդառնա 1111 տարեկան: Այդ խորհրդանշական տարեթվի նախօրեին նախատեսում ենք ավարտին հասցնել վանական համալիրի վերականգնումը: Վանքի վերականգման բոլոր ծրագրերը հաստատվում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից: Վերականգման նախագիծը պատրաստ կլինի 2014թ. վերջում եւ կներկայացվի հանրությանը»,- ասել է ծրագրի տնօրենը: Արեն Ափիկյանը հավելել է, որ վանքը եւ նրա հարակից տարածքները վերանորոգումից հետո հարմարացված կլինեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Խոսելով Քաղաքաշինության նախարարության կողմից նոյեմբերի 5-ին հաստատված վանքի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագծի մասին`Արեն Ափիկյանն այն գնահատել է «օգտակար զբոսաշրջային գոտու զարգացման համար»: «Վանքի շրջակա տարածքներում ունենք անօրինական կառուցապատման հետ կապված բազմաթիվ խնդիրներ, եւ այդ փաստաթղթի նպատակներից մեկն է լուծել անօրինական շինությունների խնդիրը»,- նշել է ծրագրի տնօրենը: Միաժամանակ, նշել է Արեն Ափիկյանը, «փաստաթղթի բովանդակային մասի հետ կապված ունենք որոշակի վերապահումներ ու հուսով ենք, որ դրանք հաշվի կառնվեն»:Խոսելով վերապահումների մասին, RVVZ եւ IDeA հիմնադրամների գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանն ասել է.«Փաստաթուղթը պետք է հաշվի առնի դեպի Տաթեւ եկող զբոսաշրջային հոսքերը եւ այն յուրահատուկ պատմամշակութային եւ հոգեւոր միջավայրը, որն առկա է Տաթեւի վանքի շուրջ: Հոսով ենք, որ մինչեւ տարեվերջ փաստաթղթում փոփոխություններ կմտցվեն»,- ասել է Արտակ Մելքոնյանը: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նվիրատուներն են 140 անհատներ 18 երկրներից: Եթե մինչեւ «Տաթեւեր» ճոպանուղու գործարկումը վանք էր այցելում օրական մեկ-երկու տասնյակ մարդ, ապա այսօր աշխատանքային օրերին այցելուների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Երեք տարվա ընթացքում վանք է այցելել շուրջ 250 հազար մարդ, որից 210 հազարը օգտվել է «Տաթեւերից»: Tweet Դիտում՝ 3004