Հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100%-ով

06.11.2013 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թվականի 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 709.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.1% ով եւ 91.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը` նախորդ տարվա 101%-ի եւ 92%-ի դիմաց:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը, 2012 թվականի 9 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում, որը կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)` նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, եւ հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 100%-ով. ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 741.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.1%-ով կամ 113.6 մլրդ դրամով` նախորդ տարվա 8.7%-ի կամ 50.5 մլրդ դրամի դիմաց:

Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով եւ 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ. այս հարկատեսակով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 177.5 մլրդ դրամ:

Ավելացել է նաեւ ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 7.5% (49.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 3.7%-ի (23.4 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 659.4 մլրդ դրամ` 94%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.9%-ով կամ 48.1 մլրդ դրամով: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներն ավելացել են շուրջ 24.4 մլրդ դրամով` իննամսյա ծրագրով նախատեսված 41.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Դիտում՝ 1712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW