Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում այցելել է այն հաստատությունները, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: «Գեոթիմ» ընկերությունը շահագործում է Ամուլսարի ոսկու հանքավայրը:Մասնավորապես, ընկերության միջոցներով հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում են եղել:«Գեոթիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են փոխվարչապետին, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի կեսերին` մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է, եւս 26 մլն դրամ փոխանցվել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: «Գեոթիմ»-ի կողմից կառուցվել է նաեւ Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը:Ընկերության ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի Գնդեվազ, Սարավան եւ Գորայք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավման, համայնքների զարգացման, կրթական եւ առողջապահական տարբեր ծրագրերի մասին: Մասնավորապես, Գնդեվազում նախատեսվում է առաջիկայում ստեղծել չրերի պատրաստման կոոպերացիա, Գորայքում իրականացվում է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման ծրագիր: Ջերմուկում եւ նշված երեք գյուղական համայնքներում ընկերության կողմից տարեկան կատարվում է շուրջ 350 հազար դոլարի ներդրում:Արմեն Գեւորգյանը կարեւորել է մարզերում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների կողմից շրջակա համայնքների աջակցության ծրագրերի իրականացումը` ընդգծելով սոցիալական պատասխանատվության բաղադրիչի անհրաժեշտությունը: Ըստ նրա`պետական, մասնավոր եւ համայնքային միջոցների համախմբումն ու թիրախային օգտագործումը հնարավորություն կտա նպաստել համայնքների զարգացմանը: Tweet Դիտում՝ 3307