Տարեկան գնաճը հուլիսին կազմել է 8.5%

31.07.2013 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ի հուլիսին 2012թ. նույն ամսվա համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 8.5%  (հունիսին՝ 6.5%), իսկ 2013թ. հունվար-հուլիսին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 4,7%-ով (հունվար-հունիսը՝ 4.1%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հունվար-հուլիսին արձանագրվել  է սպառման ապրանքների 5.2%, պարենամթերքի՝ 5.2%, ոչ պարենային ապրանքների՝ 5.2% եւ ծառայությունների սակագների 3,4% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հուլիսին արձանագրվել  է սպառման ապրանքների 8.6%, պարենամթերքի՝ 10,3%, ոչ պարենային ապրանքների՝ 4.3% եւ ծառայությունների սակագների 8.4% աճ:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր
մակարդակն աճել է 0.4%-ով: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների հարաբերականորեն կայուն (անփոփոխ) մակարդակ, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 5.0% աճ:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի` 13.4-2.2% գնանկումով:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.4% եւ 3.7% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0%-ով, ինչը հիմնականում բնակարանային կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման եւ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14.5%: Վերոհիշյալ ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով  11.26% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.64 տոկոսային կետով:

Դիտում՝ 5279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW