ՀՀ ԿԲ` բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ

25.06.2013 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, եւ որ նման լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը»:

«Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրեւ համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, եւ համակարգի կայունությունը վտանգված է:

Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 16.4%, ընդ որում, վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարել են կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է):

Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է, սակայն դեռեւս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվապահական ձեւակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առեւտրային բանկերից մեկի հաշվեկշռից եւ սկսել են հաշվառվել մայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 20%:

Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում եւ ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% եւ 136.1% (նվազագույն սահմանաչափերը` համապատասխանաբար 15% եւ 60%):

Նշենք նաեւ, որ բանկային համակարգի կայունությունը նպաստում է նրան, որ տնտեսությանը տրամադրված վարկերը շարունակում են արագ աճել նաեւ 2013 թ.-ին», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW