ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը հետեւում են, որ Ամուլսարում կիրառվեն ամենաբարձր բնապահպանական չափանիշները

12.06.2013 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, Համաշխարհային բանկի մասնավոր ներդրումային ճյուղ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունները հունիսի 3-ից 7-ը Հայաստանում էին՝ Ամուլսարի ծրագրի զարգացման վերահսկողական այցով, հայտնել են Գեոթիմում:

ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը Լիդիան Ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերից են, որի դուստր ձեռնարկությանը՝ “Գեոթիմ” ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագիրը:

Պատվիրակությունները կազմված էին ՄՖԿ-ի եւ ՎԶԵԲ-ի բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական, հանքարդյունաբերական եւ ֆինանսական ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Լիդիանի եւ Գեոթիմի հետ, հանդիպել Հայաստանի կառավարության մի շարք անդամների եւ այցելել Ամուլսար եւ շրջակա համայնքներ՝ Սարավան, Գնդեվազ եւ Գորայք, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաք: Նրանք ծանոթացել են Լիդիանի եւ Գեոթիմի կողմից իրականացվող բնապահպանական, սոցիալական եւ տեխնիկական ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ քննարկել «Էկվատորյան սկզբունքների» շրջանակներում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ հետագա քայլերը:
 
«ՄՖԿ-ն հանքարդյունաբերության ոլորտում իր հաճախորդներին, ինչպիսինն, օրինակ, Լիդիանն է, մեծ ուշադրությամբ է ընտրում: Ամենակարեւոր սկզբունքը՝ բնապահպանական եւ սոցիալական բարձր չափանիշներին հետեւելու ընկերության պատրաստակամությունն է: Մենք  պարբերաբար հետեւում ենք դրան, ինչպես, օրինակ, անցյալ շաբաթ կատարած այցելության ընթացքում: Տպավորված ենք ծրագրի վաղ փուլից սկսած Գեոթիմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերով: Այժմ մենք սպասում ենք ընկերության Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատմանը (ԲՍԱԳ), որը հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին ծրագրի ռիսկերի եւ օգուտների շուրջ տեղեկացված քննարկում վարելու»,- ասել է ՄՖԿ-ի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ղեկավար Ռոբին Վայսմանը:

«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հաճախորդների կողմից բնապահպանական եւ սոցիալական ամենաբարձր չափանիշների կիրառման ապահովմանը: Մեզ գոհացնում է, որ Լիդիանը եւ Գեոթիմը խորհրդակցում են շահագրգիռ կողմերի հետ եւ իրականացնում լայնածավալ հետազոտություններ՝ պատրաստելով Ամուլսարի ծրագրի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը: Բարձր ենք գնահատում անցյալ շաբաթ նրանց ընթացիկ ծրագրերին ծանոթանալու հնարավորությունը, մենք արժեքավոր տեղեկություններ ստացանք կառավարության եւ տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին, որպեսզի վստահ լինենք, որ այն համապատասխանում է մեր բնապահպանական եւ սոցիալական քաղաքականության պահանջներին, եւ սպասում ենք լայնածավալ հանրային քննարկումներին, որոնք ընկերությունն ակնկալում է անցկացնել առաջիկա ամիսներին՝ ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո», - ասել է ՎԶԵԲ գլխավոր բնապահպանական խորհրդատու Ջեք Մոզինգոն:

“Լիդիանը եւ Գեոթիմը հավատարիմ են ՄՖԿ- ի, ՎԶԵԲ-ի եւ «Էկվատորյան սկզբունքների» բնապահպանական եւ սոցիալական բոլոր չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությանը: Մենք նպատակ ունենք իրականացնելու օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր, որից տնտեսապես կշահեն երկիրն ու համայնքները՝ միաժամանակ հաստատելով բնապահպանական կառավարման բարձր չափանիշներ”,- ասվում է Գեոթիմի հաղորդագրությունում:

Դիտում՝ 3676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW