Դիլիջանի միջազգային դպրոցը՝ եզակի բոլոր առումներով (ֆոտոշարք)

06.06.2013 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School, DIS) նախագիծը, որը նախաձեռնվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կողմից, եզակի է ոչ միայն նրանով, որ այնտեղ սովորելու են երեխաներ տասնյակ երկրներից:

«Նախագիծը եզակի է նաեւ իր ճարտարապետական լուծումներով, եւ ներդաշնակ է այստեղի գեղեցիկ լանդշաֆտի հետ», - այսօր Դիլիջանում լրագրողներին ասել է Ռուբեն Վարդանյանը:

Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից մշակված ծրագիրն ընդհանրացրել է աշխարհի՝ վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոց-համալիրների փորձը: Դպրոցի շինարարության ղեկավարող կազմակերպությունը RD Project Management Armenia-ն է, գլխավոր նախագծողը եւ գլխավոր կապալառուն՝ RD Construction Management Armenia-ն:   

«Շինարարությունում արդեն ներդրվել է $20 մլն եւ ներդրումների ընդհանուր ծավալը նախագծում կկազմի $150 մլն: Սա շատ կարեւոր նախագիծ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի համար, քանի որ բոլոր այն երեխաները, որոնք սովորելու են այստեղ, հնարավորություն կունենան ընդունվելու աշխարհի լավագույն բուհերը: Իմ երազանքն էր, որ երեխաները կարողանան լավագույն կրթությունը ստանալ Հայաստանում», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ իր երեխաները նույնպես կսովորեն այս դպրոցում` «եթե հանձնեն ընդունելության քննությունները»:

Նա տեղեկացրել է, որ դպրոցում սովորելու տարեկան վճարը կկազմի $30 հազ., ընդ որում, երեխաների շուրջ 70%-ը կսովորեն կրթաթոշակների օգնությամբ:
«Կրթաթոշակային ֆոնդի դոնորների թվում են բազմաթիվ բարերարներ. Նրանց թվում են Վիկտոր Վեքսելբերգը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Դասավանդումը դպրոցում ընթանալու է անգլերեն լեզվով բարձր որակավորում ունեցող դասախոսների կողմից:

Դասավանդումն ընթանալու է այնպիսի միջազգային կրթական ծրագրերով, ինչպիսիք են Cambridge IGSSE-ն (միջնակարգ կրթության մասին միջազգային ատեստատ, 13-ից 16 տարեկան) եւ IB Diploma (միջազգային բակալավրիատ, նախահամալսարանական կուրս 16-ից 19 տարեկանների համար):

Ակնկալվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges (UWC) հանրույթի անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Նախատեսվում է, որ արդեն առաջին ուսումնական տարում UWC Dilijan-ը երիտասարդներ կհյուրընկալի 30 երկրից:

Առաջին ընդունելությունը կկայանա 2014 սեպտեմբերին: Դպրոցը նախնական շրջանում նախատեսված է լինելու 650 երեխայի համար:

Այսօր ՀՀ Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռեւս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետեւ ՀՀ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի Միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական եւ ընթացիկ կարեւոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:

Դիտում՝ 7820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW