Պրոմեթեյ Բանկը եւ Banks.am-ը հայտարարում են վարկավորման մրցույթ՝ հատուկ կանանց համար

04.03.2013 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կանանց տոներին ընդառաջ Պրոմեթեյ Բանկը եւ Մեդիամաքս ընկերությանը պատկանող Banks.am պորտալը հայտարարում են համատեղ մրցույթ, որին կարող են մասնակցել բիզնես գործընթացներում ներգրավված գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գործող բիզնեսի հետագա զարգացման սեփական առաջարկ (հայեցակարգ), որը, մասնակցի հիմնավորմամբ, հնարավոր կլինի իրագործել ակնկալվող վարկային միջոցների (բիզնես-վարկի) հաշվին:

Մրցույթի հաղթողին Պրոմեթեյ Բանկը կտրամադրի բիզնես-վարկ գործող բիզնեսի զարգացման նպատակով, հետեւյալ արտոնյալ պայմաններով`

•    տարեկան տոկոսադրույքը՝     8%
•    մարման ժամկետը՝                մինչեւ 7 տարի
•    գումարը՝                               մինչեւ 100 000 ԱՄՆ դոլար

Հետաքրքիր (նորարարական) գաղափարներով հավասարազոր առաջարկների առկայության դեպքում հաղթող կարող են ճանաչվել մինչեւ 3 մասնակիցներ:

Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի, ՀՀ մարզերի եւ ԼՂՀ-ի ձեռնարկատիրական գործունեությամբ (առանց ոլորտային սահմանափակումների) զբաղվող գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք.

•    առնվազն 1 տարի հանդիսանում են ընկերության միանձնյա սեփականատեր կամ ընկերության սեփականատեր (10%-ից ավել մասնաբաժնով);
•    առնվազն 1 տարի հանդիսանում են անհատ ձեռնարկատեր (ԱՁ);
•    առնվազն 6 ամիս զբաղեցնում են ընկերության տնօրենի/գործադիր տնօրենի պաշտոն կամ ղեկավարում են ընկերության զարգացման գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը:

Հավակնորդ վարկառու ընկերությանը եւ/կամ ԱՁ-ին ներկայացվող պարտադիր պահանջներն են.

Հավակնորդը պետք է՝

•    հանդիսանա ռեզիդենտ իրավաբանական անձ եւ/կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր;
•    ունենա դրական կամ չեզոք վարկային պատմություն;
•    ունենա վարկունակության բավարար մակարդակ;
•    պատրաստ լինի ապահովել համարժեք գրավի առարկա:

Պրոմեթեյ Բանկի համար ընդունելի գրավի առարկաներին եւ վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերին, ըստ գրավի տեսակների, կարելի է ծանոթանալ այստեղ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գործող բիզնեսի հետագա զարգացման սեփական առաջարկը (հայեցակարգը)՝ հայերեն լեզվով (տառատեսակը՝ unicode, չափսը` 11), որի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 1,5 տպագիր էջը: Առաջարկը պետք է կազմված լինի 2 հիմնական մասերից:

Առաջին մասում անհրաժեշտ է ներկայացնել ընկերության կամ ԱՁ-ի կողմից իրականացվող գործունեության հակիրճ նկարագրությունը, ներառյալ՝

-    ֆիրմային անվանումն ու կազմակերպաիրավական ձեւը (բացառությամբ՝ ԱՁ-ի);
-    պետական գրանցման տարեթիվը (ԱՁ-ի դեպքում՝ պետական հաշվառման տարեթիվը);
-    գործունեության փաստացի վայրը;
-    բիզնեսի հիմնական ուղղությունները վերջին 1 տարվա ընթացքում;
-    ապրանքի/ծառայության սպառման շուկան/շուկաները;
-    աշխատակիցների թիվը (ԱՁ-ի դեպքում՝ վարձու աշխատողի/աշխատողների առկայությունը);

Երկրորդ մասում անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի զարգացման բուն առաջարկը (հայեցակարգը)՝ ներառյալ ակնկալվող վարկային միջոցների ծավալը, վարկի տնօրինման ժամկետը եւ ներդրված միջոցների արդյունքում՝ բիզնես-գործընթացների արդյունավետության բարձրացման հիմնավորումը:  

Առաջարկն անհրաժեշտ է ուղարկել միաժամանակ երկու՝ info@banks.am եւ pr@prometeybank.am էլ. հասցեներին՝ subject տողում նշելով Contest 8:

Առաջարկներն ընդունվում են ս.թ. մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Հաղթողի/հաղթողների անունը/անունները կհրապարակվեն Banks.am-ում ս.թ. ապրիլի 15-ին:

Առաջարկին կից անհրաժեշտ է ուղարկել մասնակցի զբաղեցրած դիրքը (պաշտոնը) ընկերությունում, հեռախոսահամարը (քաղաքային եւ բջջային), աշխատանքային էլ. հասցեն, ընկերության վեբկայքը (առկայության դեպքում), մասնակցի լուսանկարը (բարձր որակի, չափը՝ ոչ պակաս, քան 700/600 px):

Մրցույթի թափանցիկության նկատառումներից ելնելով՝ ստացվող առաջարկները մրցույթի ընթացքում կհրապարակվեն Banks.am-ում կայքում՝ մասնակցի լուսանկարի հետ միասին, եթե մասնակցի կողմից հրապարակմանն առնչվող առարկություն չի ներկայացվել:

Մրցույթի արդյունքներով հաղթող մասնակցի/մասնակիցների առաջարկները կհրապարակվեն Banks.am-ում՝ մասնակցի լուսանկարի հետ միասին (պարտադիր պայման):

Մրցույթի հաղթողին/հաղթողներին կորոշի Պրոմեթեյ Բանկ-ի եւ Մեդիամաքս-ի (Banks.am-ի) աշխատակիցների մասնակցությամբ կազմած համատեղ ժյուրին՝ առաջարկների բովանդակությունը (գաղափարը) կգնահատեն Պրոմեթեյ Բանկ-ի եւ Մեդիամաքս-ի աշխատակիցները:

Վարկավորման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Պրոմեթեյ Բանկ-ի կողմից: Մրցանակին հավակնող առաջարկների հեղինակները կհրավիրվեն Պրոմեթեյ Բանկ՝ վարկային հայտն ընդունելու եւ պատշաճ կերպով ուսումնասիրելու նպատակով:

Պրոմեթեյ Բանկը եւ Banks.am-ը հաջողություն են մաղթում մասնակիցներին:

Դիտում՝ 27502
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW