Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան այսօր Երեւանում ասել է, որ «մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարվանից կսկսենք ուղղակիորեն ֆինանսավորել Հայաստանի իրական տնտեսության ձեռնարկությունները»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ վարկային պայմանագրի կնքումից հետո Դմիտրի Ժուրբան նշել է, որ «շատ հավանական է, որ հաջորդ տարի մենք այստեղ ընկերության կապիտալում ներդրում կատարելու առաջին գործարքը կունենանք»: Դմիտրի Ժուրբան հիշեցրել է, որ մեկ տարվա ընթացքում ԵԱԶԲ-ն վարկային պայմանագրեր է կնքել Առէկսիմբանկի ($10 մլն-ի), Արարատբանկի ($4 մլն-ի) եւ այսօր` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ($15 մլն): «Ցավոք, մեր ներկայությունը Հայաստանում դեռեւս սահմանափակվում է միայն ֆինանսական միջնորդների, բանկային համակարգի հետ աշխատանքով: Ընդհանուր առմամբ մենք ֆինանսավորել ենք Հայաստանում $ 64 մլն-ի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրեր, իսկ այսօրվա պայմանագրի ստորագրմամբ այդ թիվը կկազմի $79 մլն: Մենք ցանկանում ենք ուղղակիորեն ֆինանսավորել Հայաստանի ձեռնարկությունները: Ցավոք, մեզ մոտ զարգացման ինստիտուտի առանձնահատկությունը մուտքային տոմսի բավականին մեծ ծավալ է ենթադրում` $30 մլն-ից սկսած, եւ մենք դեռեւս չենք կարողացել նման ծավալի նախագիծ գտնել, որը կհամապատասխաներ մեր պահանջներին` ռիսկերի կառավարման տեսանկյունից: Սակայն, մենք հույսով ենք, որ հաջորդ տարի կլինի “առաջին ծիծեռնակը”, եւ մենք կսկենք վարկավորել ոչ միայն բանկային համակարգը, այլեւ ձեռնարկությունները»,- ասել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը:Միաժամանակ, Դմիտրի Ժուրբան չի ներկայացրել հավանական համաձայնագրի մանրամասները, նշելով, որ «փողերը լռության մեջ են աճում»: Tweet Դիտում՝ 6033