Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայությունը հաջորդ տարի պլանավորում է բոլոր մսամթերք արտադրող ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնել: Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սննդի անվտանգության ոլորտում«դեռեւս ունենք լրջագույն խնդիրներ»:Աբրամ Բախչագուլյանն ասել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացվել է պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումներ: Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է` առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով: Բոլոր 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք, որի ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ:«Խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ դարձավ, որ նրանք պարտաճանաչ են եւ նման խնդիրներ իրենց կողմից արտադրած արտադրանքում չեն առաջանում, քանի որ նրանք ներդրել են անվտանգության համակարգեր եւ կարողանում են սանիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողություն ապահովել: Մեր խնդիրը փոքր արտադրություններն են, որոնք չեն կարողանում ներդնել այդ համակարգերը», - ասել է Աբրամ Բախչագուլյանը: Tweet Դիտում՝ 2548