Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ ապրիլին մեկնարկած առաջնության առաջին փուլին մասնակցել են Երեւանի, ՀՀ մարզերի եւ Արցախի 613 դպրոցների ավելի քան 5000 աշակերտներ: Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը կմրցեն 1/16 եզրափակչում: «Ֆուտբոլի կայացման կարեւոր գործոններից է մասսայական ֆուտբոլի զարգացումը: Այս համատեքստում ավանդական դարձած այս մրցաշարն արդեն սիրվել է թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում»,- ասել է ՀՖՖ ղեկավարը: Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն ասել է, որ ընկերությունը հպարտ է ներկայացնելու այս առաջնությունը: «Ամբողջ աշխարհում Կոկա-Կոլան աջակցում է առողջ ապրելակերպին` ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլան աջակցում է ավելի քան 100 երկրներում”,- ասել է Գագիկ Դանիելյանը: Պատասխանելով այն հարցին, թե չի ցանկանում արդյոք Կոկա-Կոլա-ն դառնալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական գործընկեր, ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ նման հնարավորությունը դիտարկվում է, սակայն դեռեւս որոշում չկա: “Կոկա-Կոլա-ն FIFA-ի եւ UEFA-ի պաշտոնական գործընկերն է, եւ մենք ուրախ կլինեինք հանդես գալ նաեւ որպես ազգային հավաքականի գործընկեր”,- ընդգծել է Գագիկ Դանիելյանը: Այս հարցին անդրադառնալով՝ Ռուբեն Հայրապետյանը կարեւորել է Կոկա-Կոլա ընկերության ներդրումը Հայաստանում մանկապատենական ֆուտբոլի մասսայականացման եւ զարգացման գործում: ՀՖՖ նախագահի խոսքով, այս համագործակցության պտուղները «կքաղենք շուտով եւ կտեսնենք ազգային հավաքականի ցուցադրած խաղում»: Tweet Դիտում՝ 5028