Երեւան/Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահը եւ վարչապետը խորհրդակցություններ են հրավիրել գնաճի եւ հացամթերքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ գնաճի միտումները բացասական ազդեցություն են ունենում բնակչության սոցիալական իրավիճակի վրա, եւ հայտնել է տվյալ գործընթացը մեղմելու անհրաժեշտության մասին: Առաջին հերթին ԼՂՀ նախագահը կարեւոր է համարել սննդամթերքի գնաճի զսպումը` հատկապես ընդգծելով հացի գները նախկին մակարդակում պահպանելու կարեւորությունը: Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնեցին ԼՂՀ կառավարությունում, վարչապետ Արա Հարությունյանը հացի ու ալյուրի արտադրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «առկա հնարավորություններով եւ համաձայնեցված գործողություններով հարկավոր է կանխել հացամթերքի գների աճը”: Վարչապետը հայտնել է, որ, ըստ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարականի, փետրվարի 9-ից հացի նախկին գները պետք է վերականգնվեն նախկին մակարդակի վրա: Արա Հարությունյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները վնասներ չկրեն: Նա ասել է, որ, մասնավորապես, մոտակա ամիսների համար կսահմանվի ալյուրի առավելագույն գինը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կանխել գնաճը: Արա Հարությունյանը հայտնել է, որ ցորենի արտահանումը ԼՂՀ-ի սահմաններից դուրս արգելված կլինի մինչեւ ընթացիկ տարվա բերքահավաքը: Ընդ որում, նա զգուշացրել է, որ պետությունը խստագույն հսկողություն կսահմանի հացի արտադրության ոլորտում: Tweet Դիտում՝ 6059