Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկն» այսօր սկսել է շահագործել մանրածախ վարկերի վերաբերյալ որոշումներ կայացնելու ավտոմատացված համակարգը: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, համակարգը մշակվել է բանկի ռիսկ-մենեջերների կողմից ձեւակերպված տեխնիկական խնդիրների հիման վրա` «ՎՏԲ 24» բանկի օժանդակությամբ: Վարկեր տրամադրելու մասին որոշումները, ներառյալ հաստատված գումարը, ընդունվում են բանկի ավտոմատացված համակարգի կողմից, որի հիմքում ընկած են որոշումների կայացման ստանդարտ եւ հստակ կանոնները` վարկային սքորինգ: «Մանրածախ շուկան մենք դիտարկում ենք որպես առաջնային թիրախային հատված, որն ունի երկու կարեւոր առաջնահերթություններ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Նախեւառաջ, դա տեխնոլոգիապես բարձր շուկա է, այդ պատճառով էլ մեզ անհրաժեշտ է զարգացնել վարկային որոշումներ կայացնելու ավտոմատացված համակարգը: Երկրորդ, մանրածախ էքսպրես-վարկավորումը բանկում նոր «ցանկալի» հաճախորդներ ներգրավելու լավ աղբյուր է: Վարկային հիմնական գրասենյակի գործառույթների կենտրոնացումը, բոլոր գործարքները միասնական մեկ կենտրոնում ձեւակերպելը բանկին հնարավորություն է տվել իր լրացուցիչ ավանդն ունենալ բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների ֆինանսական գրագիտության խնդրի լուծման գործում: Բանկը ձգտում է, որպեսզի վարկ ստանալու պահին վարկառուներն առավելագույնս գիտակցեն իրենց անձնական պատասխանատվությունը կայացվող որոշման նկատմամբ` այդպիսով նախադրյալներ ստեղծելով վարկային մշակույթի աճի համար: Իսկ դա, իր հերթին, դրական կանդրադառնա ընդհանուր առմամբ վարկավորման հայաստանյան մանրածախ շուկայի զարգացման վրա»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Tweet Դիտում՝ 8540