Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի տնտեսությունում նկատվում են հակասական միտումներ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել նախկին պատգամավոր, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, մի կողմից կա որոշակի դրական առաջընթաց, սակայն այն հիմնականում պայմանավորված է մոլիբդենի եւ պղնձի միջազգային գների աճով: Երկրի տնտեսության վրա, ինչպես նշել է Թաթուլ Մանասերյանը, լուրջ ազդեցություն է գործել գյուղատնտեսության անկումը: Այս ոլորտում, տնտեսագետի կարծիքով, անց է կացվում ոչ արդյունավետ քաղաքականություն: Թաթուլ Մանասերյանն ընդգծել է, որ ՀՀ տնտեսությունն ունի հսկայական ներուժ, որն այս պահին չի օգտագործվում: Նրա խոսքերով, Հայաստանի հնարավորությունները գտնվում են ստվերում: «Եթե երկրի տնտեսությունը հազիվ է զարգանում, ապա ստվերային տնտեսությունն աճում է արագ տեմպով»,- ասել է Թաթուլ Մանասերյանը: Նա նշել է նաեւ բանկային հատվածի բարձր տոկոսադրույքները, ինչը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը խանգարում է զարգանալ: Տնտեսագետը պետությանն առաջարկել է թելադրել խաղի կանոնները եւ տոկոսադրույքները սահմանել 5-6%-ից ոչ ավել: Թաթուլ Մանասերյանը նկատել է, որ սփյուռքի մասնագիտական եւ նյութական ներուժը եւս նպատակաուղղված չի օգտագործվում: Tweet Դիտում՝ 11247