Երեւան/Մեդիամաքս/. Broco ներդրումային դպրոցը Երեւանում ներկայացրել է «Բորսային առեւտրի գաղտնիքները» գիրքը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Broco-ի երեւանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Վահե Շահինյանը նշել է, որ այն առաջին հայալեզու գիրքն է ինտերնետ-թրեյդինգի մասին, որը թույլ կտա հայրենական թրեյդերներին գրագետ կազմակերպել աշխատանքը բորսաներում: Գիրքը բաղկացած է 7 հիմնական մասերից, որոնք ներկայացնում են ինչպես ընդհանուր տեղեկություններ ֆինանսական շուկաներում կատարվող առեւտրի, բորսայական առեւտրի ֆունդամենտալ եւ տեխնիկական վերլուծության մեխանիզմների եւ գործիքների մասին, այնպես էլ շուկաներում հաջող աշխատանք ծավալելու հոգեբանական գործոնները: Broco-ի առեւտրային տնօրեն Արփինե Վարդիկյանի խոսքերով, ձեռնարկը կազմելիս «մենք առաջնորդվել ենք նյութի մատուցման այնպիսի ձեւով, որը մատչելի կլինի ոչ միայն գործող, այլեւ սկսնակ թրեյդերներին»: Շնորհանդեսին ներկա էին նաեւ ֆինանսական շուկայի փորձագետներ, որոնց գնահատմամբ, ինտերնետ-թրեյդինգը Հայաստանում թափ է հավաքում, եւ այդ առումով նոր ձեռնարկը համապատասխանում է ժամանակի պահանջներին: Մասնավորապես, «Արմսվիսբանկի» ներքին աուդիտի ղեկավար Արկադի Փինաչյանի խոսքերով, գրքում ներկայացված են արժեթղթերի ժամանակակից շուկայի արդիական խնդիրները, եւ այդ իմաստով այն կարող է ունենալ գիտական ու գործնական կիրառություն ինչպես շուկայի դերակատարների, այնպես էլ տնտեսագիտական բուհերի ուսանողների համար: Ինչպես նշել է «Հայբիզնեսբանկի» ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Վահան Մելքոնյանը, գիրքը կօգնի հետեւել ժամանակի ընթացքին, մտածել եւ գործել նորովի` ժամանակակից զարգացումներին համապատասխան: Գրքի համահեղինակներն են Վահե Շահինյանը (Broco-ի գործադիր տնօրենը) եւ Արփինե Վարդիկյանը (Broco-ի առեւտրային տնօրենը): Գիրքը կարելի է ձեռք բերել Broco ներդրումային դպրոցի կենտրոնական գրասենյակում եւ Երեւանի գրախանութներում: Tweet Դիտում՝ 21090