Երեւան/Մեդիամաքս/. Հայրենական արտադրողների միության /ՀԱՄ/ նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, ռուսաստանյան «Գազպրոմը» պատրաստվում է 2011թ. Հայաստանի համար գազի սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացնել մինչեւ $303` ներկայիս $180-ի փոխարեն: Այսօր Երեւանում Վազգեն Սաֆարյանը լրագրողներին ասել է, որ այդ քայլը պայմանավորված է Հայաստանում գազի սպառման ծավալների շարունակական կրճատման միտումով: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ բնակչությունը ծախսում է երկիր ներկրվող գազի 65%-ը: ՀԱՄ ղեկավարն ընդգծել է ՀՆԱ մակարդակը 2008թ. մինչճգնաժամային ցուցանիշներից բարձրացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, եթե 2008թ. ՀՀ ՀՆԱ-ն հասնում էր $11,2 մլրդ-ի, ապա այս տարվա 7 ամիսների տվյալներով այն կազմել է $4,37 մլրդ, իսկ մինչեւ տարեվերջ, դատելով ներկայիս տեմպից, կհասնի ընդամենը $7.4 մլրդ-ի: Վազգեն Սաֆարյանը մտահոգություն է հայտնել գյուղատնտեսական արտադրության եւ շինարարության ծավալների ավելի քան կրկնակի կրճատման կապակցությամբ: Նրա խոսքերով, անհրաժեշտ է ներդրումներն ուղղել արդյունաբերության ոլորտ եւ պայմաններ ստեղծել հայրենական ապրանքների արտահանման աճի համար: Tweet Դիտում՝ 11081