Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 13-ին կայացած նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում:ԿԲ Խորհուրդը համակարծիք է, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009թ. իրականացրած դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռեւս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը: Խորհուրդը գնահատում է, որ չնայած նշված գործոններն իրենց ազդեցությունը կունենան նաև առաջիկա ժամանակահատվածում, այդուհանդերձ 2010թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը եւ սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձևավորելու գնաճային ճնշումներ: Միաժամանակ, դեռևս անորոշ են եվրոպական արժույթի, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից: Tweet Դիտում՝ 12514