Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել հարկային օրենսգրքում ձեռնարկությունների գրանցման «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրման եւ հարկատուի հաշվառման համարի ստացման վերաբերյալ փոփոխություններ կատարելու առաջարկը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանն այսօր հայտնել է, որ եթե ներկայումս որպես իրավաբանական անձ կամ մասնավոր ձեռնարկատեր գրանցվել ցանկացողները ստիպված են նախեւառաջ դիմել պետական ռեեստր, ապա մեկ ամսվա ընթացքում` հարկային մարմին` հարկատուի հաշվառման համար ստանալու նպատակով, ապա օրենսդրական փոփոխություններից հետո հարկատուի հաշվառման համարը ավտոմատ կերպով կտրվի պետական ռեեստրում գրանցվելուց անմիջապես հետո: «Եվ եթե նախկինում այն անձանց նկատմամբ, ովքեր գրանցումից հետո մեկ ամսվա ընթացքում չէին դիմում հարկային մարմին, կիրառվում էին տույժեր, ապա փոփոխություններից հետո նման միջոցառումների անհրաժեշտություն այլեւս չի լինի»,- նշել է Ռուբիկ Քոչարյանը: Tweet Դիտում՝ 12196