Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի տարածքում Եվրասիական զարգացման բանկի /ԵԱԶԲ/ կողմից դիտարկվող նախագծերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ $ 500 մլն: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասել է բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը այսօր РБК Daily թերթում հրապարակված հարցազրույցում: «Երբ մենք ՀՀ կառավարության հետ պայմանագիր էինք կնքում պետության տարածքում բանկի գործունեության պայմանների մասին, նույն արարողության ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ եւ եւս մի շարք հուշագրեր` տեղական խոշորագույն ընկերությունների, մասնավորապես, «ՀայՌուսգազարդի», Միջազգային էներգետիկ կորպորացիայի եւ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ: Հայաստանյան «Հայբիզնեսբանկ»-ին մենք 5 տարով տրամադրեցինք $ 20 մլն-ի վարկ: Այդ միջոցները կուղղվեն երկրի փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանը: Հայաստանի տարածքում մեր դիտարկման տակ գտնվող նախագծերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ $ 500 մլն: Մեզ համար առաջնահերթ ոլորտներն են էներգետիկան եւ տրանսպորտային ենթակառուցվածքը»,- ասել է Եվրասիական զարգացման բանկի ղեկավարը: Tweet Դիտում՝ 10361