Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ քաղաքացիներին հորդորել է զգոն լինել էլեկտրոնային փոստի կամ SMS-հաղորդագրությունների միջոցով կատարվող խարդախության դեպքերի կապակցությամբ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը հորդորում է չպատասխանել տարօրինակ բնույթի էլ-փոստերին կամ SMS-հաղորդագրություններին: Կենտրոնը քաղաքացիներին խնդրել է նաեւ խարդախությունների դեպքերի մասին տեղեկացնել` զանգահարելով (+37410) 545088 եւ 561601 հեռախոսահամարներին, կամ ուղարկել հաղորդագրություն info_fiu@cba.am հասցեով: Կենտրոնը հրապարակել է էլեկտրոնային եղանակով խարդախության ամենատարածված մեխանիզմները: Մասնավորապես, խոսքն այն հաղորդագրությունների մասին է, որոնցում առաջարկվում են որեւէ գործարքի իրականացման շահեկան պայմաններ, կամ օժանդակություն է առաջարկվում ձեռնարկատիրական նախաձեռնություններին: Ցանցում խարդախության այլ եղանակ է տեղեկատվությունն այն մասին, թե իբր քաղաքացին ստացել է ժառանգություն, կամ խոշոր գումար է շահել: Վերջին շրջանում լայն տարածում է գտել նաեւ տնային աշխատանքի առաջարկությունն ինտերնետի միջոցով: Բոլոր դեպքերում առաջին իսկ հաղորդագրությամբ քաղաքացիներից պահանջում են ուղարկել որոշակի գումար, իբր «կազմակերպչական» խնդիրներ լուծելու համար: ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին նախազգուշացնում է, որ վերոնշյալ առաջարկներն իրենցից ներկայացնում են մարդկանց վստահություն չարաշահելու միջոցով խարդախության ճանապարհով գումար վաստակելու միջոց, որում ներքաշված դյուրահավատ անձինք ի վերջո կարող են կրել լուրջ ֆինանսական վնասներ: Tweet Դիտում՝ 13189