«100 քայլ» ծրագիրը «սոցիալիստական է իր բնույթով», կարծում է «Ամերիաբանկի» զարգացման դեպարտամենտի տնօրենը

26.02.2010 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ «100 քայլ» սոցիալ-տնտեսական ծրագիրը, որը կազմվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ, «սոցիալիստական է իր բնույթով»:

Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով բանկային համակարգի վերափոխման մասին ՀԱԿ ծրագրում պարունակվող առաջարկները:

«Ծրագիրը բավականին հակասական է եւ ինձ համար անհասկանալի, քանի որ, լինելով լիբերալ տնտեսագետ, ես կցանկանայի, որ Հայաստանի քաղաքական դաշտում լինեին լիբերալիզմը պաշտպանող ավելի շատ տնտեսագետներ: Առավել եւս տխուր է, քանի որ նոսրանում են Հայաստանում լիբերալ բարեփոխումների կողմնակիցների շարքերը»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Նրա կարծիքով, ծրագիրը պարունակում է մի շարք առաջարկներ, որոնք արդեն իրականացված են: «Խոսքը, մասնավորապես, Կենտրոնական բանկի նախագահի որոշումների բողոքարկման դատական կարգի, ԿԲ դրամավարկային քաղաքականությունը խորհրդարան ներկայացնելու, ինչպես նաեւ բանկերում կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման մասին է»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Նա նշել է նաեւ ծրագրում իրար հակասող կետերի առկայությունը, մասնավորապես, Կենտրոնական բանկին /ԿԲ/ ֆինանսական կազմակերպությունների համար ֆինանսական նորմատիվներ սահմանելու իրավասություն տալու առաջարկը եւ, մյուս կողմից, արժեթղթերի շուկան ԿԲ վերահսկողությունից դուրս բերելու առաջարկը: 

Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ ՀԱԿ ծրագրում կան մի շարք չմշակված գաղափարներ, օրինակ, մասնավոր տրանսֆերտների ստերիլիզացման գաղափարը, որի իրականացումը «շատ կասկածելի է», կամ վերաֆինանսավորման մասին օրենքի ընդունման, ինչպես նաեւ բանկերը բաց բաժնետիրական ընկերությունների վերագրանցելու մասին դրույթները:

Պետության կողմից ավանդների 60%-ը երաշխավորելու մասին դրույթը առհասարակ աշխարհում իր նմանը չունի, նկատել է «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրենը:

Տիգրան Ջրբաշյանն ասել է նաեւ, որ ՀԱԿ ծրագրում պարունակվում են ոչ իրատեսական հավանական ցուցանիշներ ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ: «Եթե նայենք, թե ինչ ցուցանիշներ են առաջարկվում ՀՀ կապիտալի եւ ապահովագրության շուկաների համար, ստացվում է, որ մեր ներկայիս ֆինանսական շուկան պետք է էլ ավելի զարգացած լինի, քան զարգացած երկրներում»,- ասել է «Ամերիաբանկի» զարգացման դեպարտամենտի տնօրենը:

 

Դիտում՝ 13796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW