Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ քննարկում է արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկումը թույլատրելու հնարավորությունը, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Ներկայումս մենք հավատարիմ ենք մնում մեր քաղաքականությանը, որի համաձայն` Հայաստանի արժեթղթերը պետք է արտահայտված լինեն բացառապես ՀՀ դրամով», - ասել է Արթուր Ջավադյանը` հավելելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այնուամենայնիվ հնարավոր է արտարժույթով արտահայտված թողարկման թույլատրում: Պատասխանելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից ՀՀ բանկերին ազգային արժույթով վարկեր տրամադրելու վերաբերյալ ԿԲ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ բանակցությունների ընթացքի մասին հարցին` Արթուր Ջավադյանը հիշեցրել է, որ նա այդ առաջարկն արել էր դեռեւս 2008թ. վերջին: «Այն գործիքները, որոնք ՎԶԵԲ-ը ներկայումս կարող է առաջարկել ՀՀ բանկերին, վերջիններիս համար բավականին թանկ կարժենան, այդ պատճառով բանակցությունները շարունակվում են», - ասել է Արթուր Ջավադյանը` հավելելով, որ բացի ՎԶԵԲ-ից, ՀՀ բանկերին ազգային արժույթով վարկային միջոցներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիան: Tweet Դիտում՝ 12589