Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ տնօրենների խորհուրդը հաստատել է Զարգացման քաղաքականության առաջին գործառնության շրջանակներում Հայաստանին $60 մլն վարկի տրամադրումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ միջոցներն ուղղվելու են ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, մասնավորապես, սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերի ֆինանսավորման ավելացմանն ու հայաստանյան արտադրողների մրցունակության բարձրացմանը: Արիստոմենե Վարուդակիսը նշել է, որ Զարգացման քաղաքականության գործառնությունը հաշվարկված է երեք տարվա համար, վարկի ընդհանուր ծավալը կազմում է $100 մլն: Նա ընդգծել է, որ մնացած $40 մլն-ը Հայաստանին տրամադրվելու է առաջիկա երկու տարիների ընթացքում: Վարկը հատկացվելու է 20 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով եւ հանդիսանում է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք հակաճգնաժամային վարկի /$550 մլն/ մի մասը: Tweet Դիտում՝ 9265