Մինչեւ տարեվերջ ազատ տնտեսական գոտին կսկսի գործել

17.06.2009 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին

- 2009թ. նոյեմբերին ՀՀ Կառավարությունը հաստատեց “Զվարթնոց” օդանավակայանին հարող տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգը: Ի՞նչ փուլում են հայեցակարգի կյանքի կոչման աշխատանքները:

- Ներկայումս աշխատանքներ են տարվում հայեցակարգի իրականացման ուղղությամբ: Բանակցություններ են վարվում “Զվարթնոց” օդանավակայանի կառավարչի հետ ազատ գոտու հիմնման խնդիրների շուրջ: Զուգահեռաբար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են տարվում մի շարք միջազգային կառույցների և ազատ գոտիների հետ համագործակցության նպատակով:

Մասնավորապես “Սինգապուրի ազատ նավահանգիստ” ընկերության հետ, որը մասնագիտացած է ադամանդի, գինիների, արվեստի գործերի վաճառքի ոլորտում, նախարարությունը համագործակցում է փորձի փոխանակման, բորսայի հիմնման և գործունեության ծավալման ուղղությամբ:

Աշխատանքներ են տարվում հոլանդական “Flora Holland” ընկերությունից խորհրդատու հրավիրելու ուղղությամբ, նպատակ ունենալով ներդնել ծաղկի առեւտրի (բորսայի) կազմակերպման փորձը Զվարթնոցի գյուղմթերքների  կենտրոնում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /EBRD/ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բիզնես ծրագրի մշակման նպատակով հետազոտությունների անցկացման եւ դրանց ֆինանսավորման ուղղությամբ:

- Ըստ հայեցակարգի` ազատ տնտեսական գոտու առավելություններից մեկը մաքսային եւ բանկային մեխանիզմների պարզեցումն է: Մշակվու՞մ են արդյոք համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

- Ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ իրավական դաշտը ներկայումս կարգավորվում է ՀՀ տարբեր օրենքներով եւ ՀՀ կառավարության որոշումներով, որոնց դրույթները հստակ չեն եւ տարընթերցման տեղիք են տալիս:

Պետք է ընդունել դաշտը կանոնակարգող “Ազատ տնտեսական գոտիների մասին” ՀՀ օրենք, անհրաժեշտության դեպքում նաեւ փոփոխություններ կատարել ՀՀ մաքսային օրենսգրքում:

Ներկայումս ազատ տնտեսական գոտիների մասին ՀՀ օրենքի նախագիծը գտնվում է մշակման փուլում, որը կկարգավորի ազատ տնտեսական գոտիների ստեղծման, գործունեության իրականացման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

- “Զվարթնոց” օդանավակայանի հավատարմագրային կառավարիչը` Էդուարդո Էռնեկյանը, հայեցակարգի իրականացմանը մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել: Ինչպիսի՞ մասնակցության մասին է խոսքը:

- Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում ունեցավ Էդուարդո Էռնեկյանի հետ, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ վերջինս կստաձնի “Զվարթնոց” օդանավակայանում ազատ տնտեսական գոտու կազմակերպման եւ կառավարման գործընթացը:

- Տեղական եւ արտասահմանյան գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները շահագրգռվա՞ծ են Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ:

- Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարն ի հայտ եկավ հենց տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում: Բացի այդ, Միացյալ Արաբական Էմիրությունների առեւտրի նախարարի` Հայաստան կատարած այցի ընթացքում կայացած նախնական պայմանավորվածության համաձայն` պետք է գործընկերային կապեր ստեղծվեն Հայաստանի եւ ՄԱԷ ազատ տնտեսական գոտիների միջեւ:

Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներից մեկը հայկական օրգանական մրգերի արտահանումն է արտասահմանյան խոշոր առեւտրային ցանցերի խանութներ: Քանի որ թարմ սննդամթերքի նկատմամբ սահմանված են հստակ պայմաններ, այդ պատճառով միայն նման գոտին կարող է հնարավորություն տալ արագ կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտահամումը:

- Ինչպե՞ս են կազմակերպվելու ազատ տնտեսական գոտու աշխատանքները:

- Ազատ տնտեսական գոտում կներգրավվեն տեղական և արտասահմանյան գյուղմթերքներ փաթեթավորող եւ արտահանող կազմակերպություններ, որոնք հայկական ապրանքանիշի ներքո կարտահանեն մեր գյուղատնտեսական մթերքները: Ստեղծվելու է նաեւ համապատասխան լոգիստիկ ցանց, որն աշխատելու է գյուղացիների հետ, իրականացնելու է գյուղմթերքների ընդունման գործընթացը, մասնագիտական խորհրդատվություն է տրամադրելու գյուղացիներին պարարտանյութերի, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Ազատ տնտեսական գոտու տարբեր փաթեթավորողների միջեւ տեղի է ունենալու աճուրդ, եւ բրենդավորման աշխատանքներից հետո հայկական գյուղմթերքներն արտահանվելու են Ռուսաստանի, ինչպես նաեւ արեւելյան տարբեր երկրների շուկաներ: Ազատ տնտեսական գոտում գործելու է նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխանող որակավորման լաբորատորիա:

 - Եր՞բ եք նախատեսում ավարտել ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները:

- Փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել նախնական աշխատանքները, եւ կարծում եմ` մինչեւ այս տարեվերջ ազատ տնտեսական գոտին կսկսի գործել: Այս գաղափարն իրապես հնարավորություն կտա խթանել արտահանումը, աջակցել գուղացիներին իրացման հարցերում, ինչպես նաեւ մեղմել համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը:

Դիտում՝ 15801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW