Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/` փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ զարգացմանն ուղղված վարկի առաջին մասը Հայաստան կհասնի այս շաբաթ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին այսօր “ՓՄՁ ֆինանսավորման ներկա իրավիճակը, Հայաստանի ծրագրերն ու հնարավորությունները” կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, մեկ տարվա ընթացքում տեղաբաշխվելու են այդ ծրագրի բոլոր վարկային միջոցները ($50 մլն): Նա ընդգծել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման կարեւորությունը` նկատելով, որ այդ թեման մշտապես գտնվում է ԿԲ-ի ուշադրության կենտրոնում: Վաչե Գաբրիելյանի խոսքերով, Հայ-գերմանական հիմնադրամի շրջանակներում ԿԲ-ն արդեն յուրացրել է 12 մլրդ դրամ: Նա նկատել է, որ ՓՄՁ ֆինանսավորման հարցում գոյություն ունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են միջոցների անմատչելիությունը, բարձր տոկոսադրույքները, անհրաժեշտ խորհրդատվության բացակայությունը: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում ՓՄՁ ֆինանսավորումը զգալիորեն աճել է, եւ կառավարությունը ձգտում է հնարավորինս շատ ուշադրություն դարձնել տնտեսության այդ ճյուղին: Tweet Դիտում՝ 11783