Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ “պետք է ողջունել ՀՀ վարչապետի աշխատանքի թափանցիկ ոճը, նրա վճռականությունն ու վտահությունը վաղվա օրվա հանդեպ”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, երկրի ղեկավարն այդ մասին ասել է այսօր` պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության աշխատանքին տրվող իր գնահատականի մասին հարցին: Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել այն առիթվ, որ “մինչեւ համաշխարհային ճգնաժամի սկիզբը մեզ հաջողվեց աշխատունակ կառավարություն ձեւավորել եւ ճիշտ կադրեր ընտրել”: ՀՀ նախագահը հայտարարել է, որ ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը երկրի իշխանությունների առջեւ կանգնած ամենագլխավոր մարտահրավերն է: Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ ՀՀ տնտեսական իրավիճակի վրա ազդում է ինչպես ֆինանսական օգնության ծավալների կրճատումը, որը երկիր է մտնում մասնավոր տրանսֆերտների տոսքով, այնպես էլ Հայաստանի այն քաղաքացիների թվի կրճատումը, ովքեր արտասահմանում զբաղվում են սեզոնային աշխատանքով: Միաժամանակ, հայտարարել է Սերժ Սարգսյանը, ճգնաժամը միայն ավելացրել է իշխանությունների վճռականությունն այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցում, ինչպիսին է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը եւ Իրանից Հայաստան բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարման նպատակով խողովակատարի կառուցումը: “Այդ նախագծերը կփոխեն ոչ միայն մեր դերը տարածաշրջանում, այլեւ` ուժերի տարածաշրջանային դասավորությունը”,- ասել է երկր ղեկավարը: Խոսելով մարտին տեղի ունեցած ազգային արժույթի արժեզրկման մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ որոշման հիմնական բացասական արդյունքը եղել է գների որոշակի աճը: Նախագահը համապատասխան մարմիններին կոչ է արել ուշադիր հետեւել գնագոյացմանը եւ թույլ չտալ գների անհիմն աճ: Ինչ վերաբերում է դրական ազդեցությանն, ապա, ՀՀ նախագահի խոսքերով, դրամի թուլացումը դրական է անդրադարձել տեղական արտադրողների վրա: Tweet Դիտում՝ 12744