Երեւան /Մեդիամաքս/. Մարտի 6-ի երեկոյան Մեդիամաքս գործակալությունը էլեկտրոնային փոստով ստացել է նամակ` ստորագրված “Սթար” սուպերմարկետի ցանցի մարքետինգի դեպարտամենտի փրոմոուշնի բաժնի ղեկավար Մարիամ Հարությունյանի կողմից: Մեջբերում ենք նամակի տեքստն ամբողջությամբ` “Հարգելի պարոն Թադեւոսյան. Դիմում ենք Ձեզ մեզ համար կարեւոր հարցի լուծման ակնկալիքով: Այսօր www.banks.am կայքում հրապարակել է “Մեդիամաքս” գործակալության հոդվածը` “Լուրջ տարբերություններ “Սթարի” հայտարարությունների եւ իրական գների միջեւ” վերնագրով: Հայտնում ենք ձեզ, որ տվյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ վարկաբեկում են մեր ընկերության հեղինակությունը մեր գնորդների եւ Հայաստանի բոլոր բնակիչների աչքերում: 05.03.09-ին, մամլո հաղորդագրության տարածման պահին բարձրացվել էին միայն շաքարի եւ ներմուծվող կարագի գները (մոտ10-12%), ինչպես եւ նշվել էր մեր հայտարարությունում: Ձեր հոդվածում նկարագրված իրավիճակը, իսկ ավելի հստակ` “Թաֆտի” արտադրանքի գների թանկացումը, տեղի է ունեցել այսօր` 06.03.09: Ընդ որում, դրանից 2 օր առաջ մենք հայտարարել էինք ներմուծվող ապրանքների գները մասնակիորեն բարձրացնելու որոշման մասին, որոնք ձեռք են բերվելու մատակարարներից նոր գներով. հենց դա էլ տեղի ունեցավ “Թաֆտ” ընկերության արտադրանքի հետ: Այսպիսով, հաստատվում է այն փաստը, որ մեր ղեկավարության բոլոր հայտարարությունները եւ հետագա գործողությունները միանգամայն հետեւողական են եւ ոչ մի ընդհանուր բան չունեն ձեր հոդվածի էության հետ: Հաշվի առնելով վերը նշվածը, դիմում ենք ձեզ այսօր www.banks.am կայքում տեղադրված հոդվածի հերքումը հրապարակելու խնդրանքով: Հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք ինքնուրույն հերքել այդ հոդվածը: Այդ միջոցը մենք ծայրահեղ եւ անցանկալի ենք համարում մեզ համար, ինչի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը եւ ստեղծված իրավիճակի շուտափույթ կարգավորումը”: Մեդիամաքս գործակալությունը նշում է, որ նյութը, որի մասին գնում է խոսքը, տեղադրված է http://banks.am/am-news-2-3215.html հասցեում, եւ հրավիրում է տիկին Հարությունյանի ուշադրությունը հետեւյալ հանգամանքներին. 1. Տիկին Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանել այն փաստը, որ մազերի հարդարման “Թաֆտ” նյութի գնապիտակի վրա նշված էր 1070 դրամ գինը, սակայն դրամարկղում գանձվում էր նոր գին` 1680 դրամ: Մինչդեռ, այդ փաստն ամենակարեւորն էր մեր նյութում, քանի որ վերաբերվում էր սպառողներին կամա, թե ակամա մոլորության մեջ գցելուն:2. Տիկին Հարությունյանը որեւէ հստակ ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ “Մեդիամաքս” գործակալության նյութում բերված տեղեկությունները “վարկաբեկում են “Սթար” ընկերության հեղինակությունը”: Մենք, մեր հերթին, գտնում ենք, որ անապացույց մեղադրանքները “Մեդիամաքս” գործակալության հասցեին կարող են դիտվել որպես վարկաբեկող մեր ընկերության հասցեին: Եթե ապրանքը “Թաֆտի” մատակարարներից գնվել էր նոր գնով, ապա տեղեկությունը նոր գնի մասին պետք է արտացոլված լիներ գնապիտակի վրա, որպեսզի գնորդը, ընտրելով ապրանքը, ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվություն ունենա:3. Եթե տիկին Հարությունյանը անհամապատասխանություններ չի տեսնում “գների աճը զսպելու ջանքերի” մասին ընկերության ղեկավարության հայտարարությունների եւ կոնկրետ ապրանքի գնի կտրուկ բարձրացման միջեւ` առանց գնապիտակի վրա համապասխան գնանշման, ապա դա նրա իրավունքն է: Իսկ մենք իրավունք ունենք չհամաձայնվել դրա հետ: Tweet Դիտում՝ 11193