Հայաստանի ֆոնդային բորսան նշել է հիմնադրման 25-ամյակը

01.06.2026 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսան այսօր նշում է կապիտալի շուկայի ձեւավորման եւ զարգացման 25-ամյակը՝ ամփոփելով անցած քառորդ դարի կարեւոր ձեռքբերումները եւ միաժամանակ ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ 


Ֆինանսական ոլորտի այս նշանակալի իրադարձության շրջանակում մայիսի 29-ին Երեւանում տեղի է ունեցել տարածաշրջանային նշանակության համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար փորձագետների, միջազգային եւ տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ներդրումային եւ ֆինանսական կազմակերպությունների, դեսպանների, ինչպես նաեւ պետական բարձր մակարդակի պաշտոնյաների՝ ավելի քան 16 երկրներից։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ընդգծել է Բորսայի 25-ամյա գործունեության առանցքային դերն ու նշանակությունը երկրի ֆինանսական համակարգի կայացման, միջազգային կապերի խորացման եւ տարածաշրջանային ինտեգրման գործում։ Նրա խոսքով՝ այս հոբելյանը ոչ միայն անցած ուղին արժեւորելու հիանալի առիթ է, այլեւ նոր հեռանկարներ ուրվագծելու եւ պետական նշանակության բարեփոխումների սկիզբ դնելու հնարավորություն է։ 

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը առանձնահատուկ կարեւորել է միջոցառմանը միջազգային գործընկերների միանալը.

«Նրանց ներկայությունն այս միջոցառմանը վկայում է Հայաստանի՝ համաշխարհային ֆինանսական էկոհամակարգում լիարժեք եւ վստահելի անդամի կարգավիճակի աճի մասին»:

Գործունեության 25 տարվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան ձեւավորվել է որպես ֆինանսական առանցքային ենթակառուցվածք՝ կապելով թողարկողներին, ներդրողներին եւ միջազգային գործընկերներին՝ նպաստելով շուկայի թափանցիկությանը, նորարարությանը եւ կայուն աճին։ Անցնելով կայացման եւ զարգացման կարեւոր ճանապարհ՝ այսօր ընկերությունը տրամադրում է վստահելի եւ գրավիչ հարթակ տեղական ու միջազգային ներդրումների եւ համագործակցությունների համար։
Վերջին 25 տարվա ընթացքում Բորսան անցել է խորքային վերափոխումների ճանապարհ՝ զարգացնելով շուկայի ենթակառուցվածքները, բարձրացնելով թափանցիկության եւ կառավարման ստանդարտները, ընդլայնելով ներդրումային հասանելիությունը եւ ամրապնդելով միջազգային համագործակցությունները։ 

Համաժողովի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է կապիտալի շուկաների զարգացման, ֆինանսական կայունության եւ ներդրումային միջավայրի բարելավման կարեւորությունը:

Միջոցառման ընթացքում անցկացվել են թեմատիկ պանելային քննարկումներ, որոնք միավորել են ոլորտի հեղինակավոր փորձագետներին, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին եւ կապիտալի շուկաների առաջատար դերակատարներին՝ անդրադառնալու ոլորտի զարգացման հիմնական միտումներին, մարտահրավերներին եւ ապագայի հնարավորություններին։ Մասնավորապես, «Capital Markets as a Bridge for Economic Connectivity» խորագրով առաջին պանելային քննարկման առանցքում էին տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, ներդրումային միջավայրի ընդլայնումն ու միջազգային համագործակցության խորացումը։ Մասնակիցները ներկայացրել են տարբեր երկրների փորձը՝ ընդգծելով կապիտալի շուկաների փոխկապակցվածության կարեւորությունը եւ ներդրումային հոսքերի ակտիվացման անհրաժեշտությունը գլոբալ տնտեսական համագործակցության համատեքստում։

Կարեւորելով պետական քաղաքականության եւ կարգավորող դաշտի առանցքային դերը տնտեսական աճի խթանման եւ ինտեգրման գործընթացներում՝ «Regulation and Policy as Enablers of Economic Growth and Cross-Border Integration» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր կապիտալի շուկաների զարգացման, ներդրողների վստահության ամրապնդման եւ միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ 

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաեւ օրենսդրական բարեփոխումներին, շուկայի թափանցիկության ապահովման եւ տարածաշրջանային ինտեգրման հեռանկարներին։

Նշվում է, որ կապիտալի շուկաների զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեն թվային տեխնոլոգիաների արդիականացումը եւ ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների ներդրումը, որի շրջանակում էլ տեղի է ունեցել երրորդ՝ «The Future of Capital Markets: Fintech and Digital Transformation» խորագրով պանելային քննարկումը՝ ուղղված նորարարական լուծումների ներդրմանը, շուկաների արդյունավետության բարձրացմանը եւ ներդրումային միջավայրի արդիականացման հարցերին։ Մասնակիցները, մասնավորապես, անդրադարձ են կատարել ֆինթեք էկոհամակարգի զարգացման հեռանկարներին, թվային գործիքների կիրառման ընդլայնմանը եւ կապիտալի շուկաների թվայնացման համաշխարհային միտումներին։

Համաժողովի եզրափակիչ՝ «Exchange Innovations: Crypto, Tokenization & Blockchain in Capital Markets» խորագրով պանելային քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձել են բլոկչեյն տեխնոլոգիաների, ակտիվների տոկենիզացիայի եւ կրիպտո լուծումների ազդեցությանը կապիտալի շուկաների զարգացման գործում՝ մասնավորապես ընդգծելով նորարարական փոխանակման հարթակների ձեւավորման, թվային ակտիվների կարգավորման եւ կիրառման հեռանկարները, ինչպես նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով շուկաների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Դիտում՝ 2505

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW