Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցած հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային ոլորտում առաջարկվող նոր բարեփոխումների հնարավորությունները եւ իրականացված օրենսդրական փոփոխությունների կիրառման հետ կապված ընթացիկ խնդիրները։ ՊԵԿ նախագահը կարեւորել է հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ որպես առանցքային բարեփոխում ընդգծելով քրեական պատասխանատվության շեմերի վերանայումը, ինչպես նաեւ հարկային վարչարարության կիրառման պրակտիկայի վերանայումը, օրինապահության համակարգի եւ էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգի ներդրումը։ ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկային ոլորտի նոր բարեփոխումների համատեքստում ներկայացվել են «Ապրանքաշրջանառության հորիզոնական մոնիթորինգի» նոր համակարգի ներդրման հնարավորությունները, որի նպատակն է ապրանքաշրջանառության միասնական հաշվառման եւ կոդավորման իրականացումը։ Անդրադարձ է եղել այս ուղղությամբ ուսումնասիրված միջազգային փորձին, որի արդյունքում քննարկվել են ապրանքների անհատական ծածկագրերի եւ «Վիրտուալ պահեստ» համակարգերի ներդրման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել են ապրանքների անհատական ծածկագրերի համակարգի ներդրման հնարավորությունները, որի միջոցով ապրանքները կարող են հաշվառվել «Վիրտուալ պահեստ» համակարգում՝ ներառելով ապրանքների մասին ամբողջական տվյալներ։ «Ներկայացված եւ քննարկված նոր հնարավորություններն առավել մատչելի կդարձնեն հարկ վճարողների կողմից ապրանքների հաշվառման գործընթացը՝ նվազեցնելով ապրանքների հաշվառման տեխնիկական եւ այլ սխալների իրականացման հավանականությունը, ինչպես նաեւ տեղում վարչարարություն իրականացնելու հաճախականությունը։ Առաջարկվել է համակարգերի ներդրումն իրականացնել խթանիչ գործիքակազմի կիրառմամբ եւ կամավորության սկզբունքով»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1490